Մատչելիության հղումներ

Օբաման հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորմանը ոչնչացնելու ծրագրերի մասին


Օբաման հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորմանը ոչնչացնելու ծրագրերի մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:37 0:00

Սեպտեմբերի 11-ի ողբերգության հերթական տարելիցի շեմին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կրկին ահազանգում է` ահաբեկչության վտանգը ժամանակակից աշխարհում շարունակում է խիստ իրական մնալ:

«Մենք շարունակում ենք ահաբեկչության վտանգի հետ դեմ հանդիման գտնվել: Մենք ի վիճակի չենք վերացնել աշխարհում առկա չարիքի բոլոր աղբյուրները, և մարդասպանների անգամ փոքր խմբերն ի վիճակի են մեծ վնաս պատճառել: Այդ խնդիրն առկա էր դեռ սեպտեմբերի 11-ից առաջ և հրատապ է նաև այսօր»,- հայտարարեց Օբաման՝ ընդգծելով, որ, ըստ պաշտոնական Վաշինգտոնի գնահատականների, նույնն է նաև ահաբեկչական վտանգի աղբյուրը:

«Այս պահին ամենալուրջ սպառնալիքները գալիս են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանից, որտեղ գործող արմատական խմբերը կարողանում են առկա դժգոհությունները ծառայեցնել իրենց շահերին: Այդ խմբերից մեկը «Իրաքի և Սիրիայի իսլամական պետությունն» է, որ գերադասում է ինքն իրեն կոչել «Իսլամական պետություն»»,- ասել է ԱՄՆ-ի առաջնորդը։

Միացյալ Նահանգների ղեկավարի խոսքով՝ սակայն այս խմբավորման գործունեությունը հակասում է իսլամի նորմերին և կրոնը զուտ ծխածածկույթ է, որ թաքցնում է այս խմբավորման իրական քաղաքական նպատակները:

«Եկեք հստակեցնենք երկու իրողություն: Նախ և առաջ` «Իրաքի և Սիրիայի իսլամական պետությունը» իսլամի հետ որևէ առնչություն չունի: Աշխարհում գոյություն ունեցող որևէ կրոն չի արդարացնում անմեղ մարդկանց սպանությունները: Սրան էլ գումարած` խմբավորման զոհերի մեծ մասը մահմեդականներ են: Բացի այդ` «Իրաքի և Սիրիայի իսլամական պետությունը» ոչ թե պետություն է, այլ «Ալ-Ղաիդայի» նախկին իրաքյան մասնաճյուղը: Այս խմբավորումը օգտվեց Սիրիայում տարբեր կրոնական խմբերի պայքարից և կարողացավ տարածքներ գրավել իրաքա-սիրիական սահմանի երկու կողմերում էլ: Որևէ կառավարություն աշխարհում չի ճանաչել այս կառույցը, ոչ էլ մարդիկ են ենթարկվում դրան: Միանգամայն պարզ է և հստակ` «Իրաքի և Սիրիայի իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն է»,- հայտարարեց Սպիտակ Տան ղեկավարը:

Երեկ երեկոյան հնչեցրած իր ելույթում Օբաման հատուկ ընդգծեց, որ իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարում ամերիկյան բանակի ցամաքային ստորաբաժանումները անմիջական մասնակցություն չեն ունենա:

«Ես ցանկանում եմ, որպեսզի ամերիկացի ժողովուրդը ըմբռնի, թե ինչով են մեր այս ջանքերը տարբերվում այն պատերազմներից, որ ծավալվել էին Իրաքում և Աֆղանստանում: Ամերիկյան ցամաքային ստորաբաժանումները չեն ներգրավվելու այլ պետություններում ծավալվող գործողություններին: Մենք հետևողականորեն օդային հարվածներ ենք հասցնելու ծայրահեղականներին՝ նրանց տեղակայման բոլոր վայրերում: Դրա հետ մեկտեղ մենք աջակցություն կստանանք տեղում գործող մեր դաշնակիցներից: Սա այն նույն ռազմավարությունն է, որ մենք հաջողությամբ գործածում ենք Եմենում և Սոմալիում»,- նշեց Օբաման՝ ընդգծելով, սակայն, որ Սիրիայում և Իրաքում ամերիկացիների մարտավարությունը տարբեր է լինելու:

Իրաքում ամերիկյան կողմի ապագա մարտավարության մասին Միացյալ Նահանգների ղեկավարը մանրամասնում է.- «Մենք չենք պատրաստվում ներքաշվել Իրաքում ընթացող ևս մեկ ցամաքային պատերազմի մեջ: Անհրաժեշտ է սակայն աջակցել իրաքյան և քրդական ուժերի մարզումներին, նրանց հետախուզական տվյալներ, սպառազինություն ու սարքավորումներ տրամադրել»:

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա այստեղ հիմնական շեշտը դրվելու է չափավոր ընդդիմության աջակցության վրա, որը պետք է իր ուսերի վրա վերցնի ծայրահեղականների դեմ պայքարի ծանրության զգալի մասը:

«Սահմանի մյուս կողմում` Սիրիայում, մենք մեծացրել ենք սիրիական ընդդիմությանը հատկացվող ռազմական օգնության ծավալը: Այսօր ես կրկին դիմում եմ Կոնգրեսին` կոչ անելով մեզ հավելյալ լիազորություններ և միջոցներ տրամադրել, որոնք հնարավորություն կտան մարզել այդ մարտիկներին, մատակարարումներ իրականացնել: «Իրաքի և Սիրիայի իսլամական պետության» դեմ պայքարում մենք չենք կարող ապավինել Ասադի վարչակազմի օժանդակությանը` մի վարչակազմ, որ երբեք չի վերագտնի իր կորսված լեգիտիմությունը»,- հայտարարեց Օբաման՝ նշելով, որ Իրաքի և Սիրիայի տարածքների զգալի մասի վերահսկողությունն իր ձեռքում պահող ծայրահեղականների դեմ պայքարը ծավալվելու է լայնամասշտաբ միջազգային կոալիցիայի շրջանակներում:

Այդ կոալիցիան գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի ամբողջացվել վերջնական նպատակը` «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման ոչնչացումը:

«Մեր նպատակը հստակ է` մենք պետք է թուլացնենք և ի վերջո ոչնչացնենք «Իրաքի և Սիրիայի իսլամական պետությունը» հաստատուն և հետևողական հակաահաբեկչական ռազմավարության միջոցով»,- նշեց Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG