Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կանադայի Համադաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության նախարար և Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քենիին, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն հարցերի նկատմամբ առանձնակի ուշադրությամբ և ակտիվ գործունեությամբ առանձնացող Ջեյսոն Քենին մշտապես սպասված և ցանկալի հյուր է Հայաստանում:

Ջեյսոն Քենին նշել է, որ այս այցը երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, առևտրատնտեսական կապերը խթանելու պատրաստակամության վկայությունն է:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կանադայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հայ ժողովրդի համար սկզբունքային նշանակություն ունեցող այդ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Այս հարցում Սերժ Սարգսյանն ընդգծել է Ջեյսոն Քենիի անձնական մեծ ներդրումը ևս: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել կանադահայ համայնքի նկատմամբ այդ երկրում ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին և միջազգային արդի զարգացումներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու մի շարք հարցերի վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG