Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Միացյալ Նահանգների նկատմամբ՝ Թայվանին զենք վաճառելու համար։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ զենքի վաճառքը «խաթարում է Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
Սահմանափակումներ են սահմանվել 20 ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերությունների և պաշտպանական կորպորացիաների 10 ավագ ղեկավարների նկատմամբ։ Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում և արգելք թվարկված կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության համար։ Անհատներին նաև արգելվում է մուտք գործել Չինաստան։
Դեկտեմբերի սկզբին Թրամփի վարչակազմը հաստատել է Թայվանին ռեկորդային՝ 11.1 միլիարդ դոլարի զենքի վաճառքը: Փաթեթը ներառում է HIMARS համակարգեր, Javelin հակատանկային հրթիռներ, Altius անօդաչու թռչող սարքեր, հաուբիցներ և այլ սարքավորումներ։