Մատչելիության հղումներ

«Բոինգի» անկման պատճառով Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են սրվել


Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը, Միացյալ Նահանգները սպառնում է միջազգային մեկուսացմամբ, Կրեմլն էլ ի պատասխան հայտարարում է մարտունակությունը բարձրացնելու մասին:

Հինգ օր առաջ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած ավիաաղետից հետո Արևմուտքի և Ռուսաստանի միջև տարաձայնությունները սրվում են ժամ առ ժամ:

«ՆԱՏՕ-ն ցուցադրաբար ամրապնդում է դիրքերը Արևելյան Եվրոպայում՝ ընդհուպ մոտենալով Ռուսաստանի սահմաններին, Դաշնության ներսում ևս քաղաքական իրավիճակը սրելու փորձեր են արվում, և մենք պետք է դիմակայենք այս մարտահրավերներին»,- հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ այսօր հրավիրած Անվտանգության խորհրդի նիստում: Ռուսաստանի պատասխանը կլինի համաչափ և տեղին՝ զգուշացրեց Կրեմլի առաջնորդը:

«Այսօր աշխարհում առավել հաճախ է հնչում պատժամիջոցների և վերջնագրերի լեզուն, ոչ ձեռնտու վարչակազմերը, երկրները, որոնք փորձում են անկախ քաղաքականություն վարել կամ ուղղակի խանգարում են ինչ-որ մեկի շահերին, ապակայունացվում են: Այդ բաղադրատոմսերը, սակայն, աշխատում են թույլ պետություններում, Ռուսաստանում դրանք չեն կարող գործել», - հավելեց նա:

«Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած ավիաաղետի հետաքննությանը»,- հայտարարեց Պուտինը՝ միաժամանակ ընդգծելով, որ համաձայն չէ Արևմուտքից հնչող կոչերին, թե Կրեմլը պարտավոր է նաև այս հարցում ճնշում գործադրել անջատողականների վրա :

«Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն բան՝ համապարփակ, խորը և թափանցիկ հետաքննության համար, սակայն դա բավարար չէ»,- հայտարարեց Պուտինը՝ ակնարկելով, որ Արևմուտքն էլ իր հերթին պետք է պահանջի Կիևից հարգել պարկեշտության տարրական կանոնները և գոնե ժամանակավոր հրադադար հաստատել՝ քննությանը նպաստելու համար:

Աղետի վայրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, մինչդեռ, տրամագծորեն հակառակ պատկերն է Արևմուտքում: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ժամեր առաջ Վաշինգտոնում հայտարարեց, թե իրականում Ռուսաստանն ու ռուսների աջակցությունը վայելող անջատողականներն են խոչընդոտում անկախ հետաքննությանը:

«Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի անջատողականների վրա, որևէ մեկը դա չի ժխտում, Ռուսաստանն է նրանց զինել, առաջ մղել ու վարժեցրել, անջատողականների առաջնորդները ՌԴ քաղաքացիներ են, այնպես որ Ռուսաստանը, և նախագահ Պուտինն են, մասնավորապես, պատասխանատու, որպեսզի ստիպեն նրանց համագործակցել հետաքննության հետ: Դա նվազագույնն է, որ նրանք կարող են անել», - ասել է Օբաման:

«Վաշինգտոնը կողմ է խնդրի դիվանագիտական կարգավորմանը, բայց պատժամիջոցների հետագա խստացումներ էլ կարող են լինել, եթե Կրեմլը անտեսի միջազգային համայնքի հորդորները»,- ընդգծեց ԱՄՆ նախագահը:

Եվրամիությունը ևս չի բացառում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել, Միության արտգործնախարարները այսօր հենց այդ հարցով քննարկումներ են անցկացնում:

«Ողբերգությունը տեղի ունեցավ նախ և առաջ անջատողականներին Մոսկվայի կողմից ցուցաբերված աջակցության պատճառով»,- հանդիպումից առաջ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը:

«Եվրամիությունը պետք է անջատողականներին որպես ահաբեկիչ դիտարկի»,- հավելել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը՝ կոչ անելով գործընկերներին հստակ ուղերձ հղել Ռուսաստանի իշխանություններին:

«Մեր համոզմամբ, ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով և այսպես կոչված Լուգանսկի և Դոնեցկի հանրապետություններին տալ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Մեր անգործությամբ, մեր թույլ դիրքորոշմամբ, ոչ հստակ ուղերձով ու չհամակարգված քայլերով մենք երբեմն հնարավորություն ենք տալիս, որ մյուսները իրենց սկսածը շարունակեն», - ասել է Լինկևիչուսը:

Այս պահին առկա տեղեկատվության համաձայն, նոր սահմանափակումները հնարավոր է` տարածվեն պաշտպանության , ֆինանսների և էներգետիկ ոլորտների վրա, այդ մասին հաղորդել է Նիդերլանդների արտգործնախարարը, ում խոսքով, Եվրահանձնաժողովին երկու օր ժամանակ է տրվել՝ հնարավոր քայլերն ու սահմանափակումները մշակելու համար:

XS
SM
MD
LG