Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի անդամ երկրների 5-րդ նստաշրջանը


Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի ղեկավարած պատվիրակությունը 2014թ. հուլիսի 1-3-ը Նիդերլանդների Թագավորության Մաաստրիխտ քաղաքում մասնակցել է Օրհուսի կոնվենցիայի անդամ երկրների 5-րդ նստաշրջանին և «Աղտոտիչների արտանետման և տեղափոխման մասին» արձանագրության (ԱԱՏՌ արձանագրություն) անդամ երկրների 2-րդ նստաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը:

Նախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ներկայացվել և ընդունվել է Մաաստրիխտի Հռչակագիրը, որն իր մեջ պարունակում է դրույթներ՝ կապված Օրհուսի կոնվենցիայի և Աղտոտիչների արտանետման և տեղափոխման մասին արձանագրության դրույթների տարածման, իրականացման և այդ ոլորտում մոտակա չորս տարվա ռազմավարության հետ:

Հանդիպման ընթացքում ընդունվել են Օրհուսի կոնվենցիայի անդամ երկրների 5-րդ նստաշրջանի համար մշակված մի շարք որոշումներ, այդ թվում՝ որոշման նախագիծ Հայաստանին Օրհուսի կոնվենցիայով վերապահված պարտականությունների կատարման վերաբերյալ:

Հայաստանի բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ներկայացնելով կոնվենցիայի պահանջների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքները, տեղեկացրել է, որ 2014թ. հուլիսի 21-ին Ազգային Ժողովն ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Կոնվենցիայի քարտուղարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանը առաջիկայում ներկայացնի տեղեկատվություն այդ օրենքից և դրա ենթաօրենսդրական ակտերից բխող իրականացվելիք աշխատանքների մասին:

Բնապահպանության նախարարի տեղակալը հանդիպել է նաև Նիդերլանդների Թագավորության բնապահպանության նախարար Վիլմա Մանսվելդի, Ուկրաինայի շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարար Անդրեյ Մոխնիկի, Մաաստրիխտի քաղաքապետի և ԵԱՀԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավարի հետ: Հանդիպումների ժամանակ նախանշվել են հետագա համագործակցության ոլորտները և ուղիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG