Մատչելիության հղումներ

Սահմանադրագետը վստահեցնում է՝ նախագահի ավելի ուժեղ իշխանություն «չեք տեսնի»


Սահմանադրագետը վստահեցնում է՝ նախագահի ավելի ուժեղ իշխանություն «չեք տեսնի»
please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00
«Ավելի գերկենտրոնացած, ավելի ուժեղ իշխանություն, քան ունի հանրապետության նախագահը, դուք չեք տեսնի»,- այսպես հակադարձեց նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը՝ արձագանքելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե սահմանադրական բարեփոխումների միջոցով Սերժ Սարգսյանը ցանկանում է ընդամենը պահպանել իր իշխանությունը:

Անդրադառնալով առաջին նախագահի այն պնդմանը, որ փորձ է արվում Հանրապետականի կյանքը երկարացնել և պահպանել քաղաքական մենաշնորհը, Թովմասյանն ասաց.- «Իսկ ձեզ որտեղի՞ց վստահություն, որ հաջորդ նախագահը չի լինի հանրապետական»։

Նախկին արդարադատության նախարարը, ով այսօր զբաղեցնում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը պաշտոնը և նաև սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է, ընդգծում է՝ եթե այսօր խոսում են գերկենտրոնացած իշխանության, իրավունքների ոչ պատշաճ պաշտպանավածության, անկախ դատական իշխանության ոչ պատշաճ մակարդակի մասին, ապա այդ բոլոր խնդիրների լուծման ճանապարհը սահմանադրական բարեփոխումներ են:

«Կարծում եմ՝ ավելին ասել, քան հանրապետության նախագահն է հայտարարել, որ այդ համակարգի պարագայում չի հավակնում ոչ վարչապետի, ոչ էլ նախագահի պաշտոնին, շատ դժվար է։ Ես այս պարագայում ավելին ոչինչ չունեմ ասելու»,- ասաց Թովմասյանը։

Չնայած Հանրապետականի այն հավաստիացումներին, թե սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն ամրապնդել երկրի ժողովրդավարական համակարգը, նաև լուծել իշխանության գերկենտրոնացման հարցը, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» ևս համոզված է՝ սահմանադրական բարեփոխումներն արվում են կոնկրետ մեկ քաղաքական թիմի շահերը, տվյալ դեպքում Հանրապետականի դիրքերը 2017 թվականի խորհրդարանական և 2018 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ ամրապնդելու համար:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ Հանրապետականը փորձում է «ընդամենը ստանալ իրեն հարմար Սահմանադրություն»։

«Եթե նայում ենք այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են, ըստ էության ստացվում է ՍՄԿԿ-ի վերակենդանացում մեկ քաղաքական ուժի տեսքով»,- ասաց Զոհրաբյանը։

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները սուր քննադատության ենթարկեց ոչ միայն Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այլև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկուսն էլ ընդգծում են՝ գոյություն ունեցող Սահմանադրությունը չի խանգարում լուծել այսօր երկրում ստեղծված խնդիրները:

«Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը»,- դեռևս այս տարվա ապրիլին ասել էր Ռոբերտ Քոչարյանը՝ իշխանության հնչած բացատրությունները որակելով անհամոզիչ, ծայրահեղ հեղհեղուկ, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է հարուցել:

Այդ իսկ պատճառով Քոչարյանը շեշտել էր, թե անհրաժեշտ են կոնկրետ երաշխիքներ, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը և չի դառնա դրա վերարտադրման գործիք:
«Սահմանադրության ցանկացած վերաձևում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

Եթե Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումները համընկնում են, ապա ոչ իշխանական չորս ուժեր այս հարցում միակարծիք չեն: Ի տարբերություն ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության», Դաշնակցությունը համոզված է՝ պետք է մասնակցել սահմանադրական բարեփոխումների քննարկումներին և կոնկրետ առաջարկներով հանդես գալ:

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե կիսում է այն մտահոգությունները, որոնք հնչեցնում են ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները: Սակայն Դաշնակցությունը ցանկանում է իշխանությանը ներկայացնել սահմանադրական փոփոխությունների իրենց առաջարկները, որոնք իսկապես թույլ կտան փոխել քաղաքական միահեծան համակարգը:

«Մենք պետք է առնվազն այդ առաջարկները ներկայացնենք, եթե չընդունեն, մենք կդառնանք այն հիմնական պահանջատերը, ովքեր այս իշխանություններին օր առաջ հեռացնելու խնդիր պետք է դնեն»,- ասաց Մինասյանը։

Մինասյանն ասաց՝ համաձայն չէ Լևոն Տեր-Պետրոսյանի եզրահանգման հետ, որ բարեփոխումների նպատակը քառյակի ուշադրությունը շեղելն է, ժամանակ շահելը.- «Ես համաձայն չեմ դիտարկման եզրահանգման հետ, որ դա նշանակում է՝ չպետք է մասնակցել որևէ քննարկման։ Այդ դեպքում թող պարոն առաջին նախագահը ասի, թե որն է լուծումը։ Ինչպե՞ս է պատկերացնում իշխանափոխությունը՝ հեղափոխությո՞ւն, արյո՞ւն, եթե այդքան անկեղծ են, թող ժողովրդին ասեն՝ մենք արյոմբ պետք է իշխանափոխություն անենք։ Արյամբ իշխանափոխությունը որևէ լավ տեղ չի տանում, մենք մերժում ենք այդ ճանապարհը»։
XS
SM
MD
LG