Մատչելիության հղումներ

«Հայաստանը դուրս կգա հայ - թուրքական արձանագրություններից»


Շվեյցարիա - Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը Ցյուրիխում, 10-ը հոկտեմբերի, 2009թ․
Շվեյցարիա - Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը Ցյուրիխում, 10-ը հոկտեմբերի, 2009թ․

Վերլուծաբանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պաշտոնական Երևանի հայտարարությունները այդ մասին են լինելու:

Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ քաղաքական հայտարարությունը, որով պաշտոնական Երևանը պատրաստվում է հանդես գալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, կապված կլինի հայ - թուրքական արձանագրություններից Հայաստանի միակողմանի դուրս գալու հետ:

Օրերս խոսելով հայ - թուրքական արձանագրությունների մասին՝ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ դրանց վերաբերյալ մտավախություններն անհիմն էին: «Հայ - թուրքական գործընթացը սկսել ենք, որպեսզի տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը բարձրացնենք նոր մակարդակի, մինչդեռ ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Թուրքիան փորձեց նախապայմաններ առաջադրել, որի պատճառով էլ գործընթացը մտավ փակուղի և այսօր սառեցված է», - ընդգծել է նախագահը: Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանն էլ շաբաթավերջին ասել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սպասվում են քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին:

«Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը՝ քաղաքական հայտարարությունը Հայաստանի կառավարության, կամ նախագահի հայտարարությունը, կապված կլինի նրա հետ, որ Հայաստանը միակողմանի դուրս կգա այդ պրոտոկոլներից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը:

«Իրոք, պրոտոկոլները, ես էլ կիսում եմ այդ կարծիքը, շատ անհրաժեշտ էին, շատ լուրջ պրոցես էր դա, բայց ժամանակը ցույց տվեց, որ իրոք Թուրքիան պատրաստ չի, ասենք, վերջնական քայլեր անել, այս վերջին կետը կամ վերջին քայլը անել, սահմանը բացել, պրոտոկոլները վավերացնել», - նշեց վերլուծաբանը:

Գրիգորյանը ևս դրական գնահատեց գործընթացը՝ ասելով, թե այն ցույց տվեց, որ Հայաստանը բաց է համագործակցության համար, մինչդեռ Թուրքիան պատրաստ չէր դրան, և քանի որ մեկ տարի է մնում մինչև Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, Հայաստանը պետք է հստակ ցուցաբերի իր դիրքորոշումը 1915 թվականին տեղի ունեցածի վերաբերյալ, իսկ այդ դիրքորոշումը, ըստ վերլուծաբանի, կարտահայտվի արձանագրություններից միակողմանիորեն դուրս գալով:

«Ու դրանով կբացվի դռները, որ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը», - վստահ է Գրիգորյանը: - «Մեկ տարի մնաց, ու ակնհայտ է, որ պետք է մենք այն մեր կողմնակիցներին աշխարհում, որոնք կան, ժամանակ տանք, որ իրենք սկսեն մեծ աշխատանք, ակտիվ աշխատանք Ցեղասպանության ճանաչման հարցում»:

«Եթե մենք դուրս չգանք պրոտոկոլներից, կլինի այնպես, ինչպես այսօր է․ շատերը ինչ են ասում՝ շատերը ասում են՝ «գնում է ինչ-որ պրոցես հայ - թուրքական, ինչո՞ւ մենք միջամտենք, ինչո՞ւ մենք խանգարենք այդ բարելավման հարաբերությունների, նորմալացման պրոցեսին, եկեք սպասենք՝ եթե ավարտվի բարեհաջող այդ պրոցեսը, պարզ է, որ այլ ռեալություն կլինի», - ընդգծեց վերլուծաբանը՝ ամփոփելով․ - «Ու ես կարծում եմ՝ հենց դրա պատճառով է, որ Հայաստանը դուրս կգա այդ պրոցեսից, որ իրոք մեր կողմնակիցները աշխարհում ակտիվ սկսեն այդ մեկ տարվա աշխատանքը՝ Ցեղասպանությունը ճանաչել տալու տարբեր երկրներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG