Մատչելիության հղումներ

«Բանակցային գործընթացում մենք հիմա շահեկան դրության մեջ ենք»


Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հաշտեցման հայտնի արձանագրություններին։

«Պետք է գրանցենք, որ բոլոր դեպքերում մեր գործընկերները, մեզ բարին ցանկացողներն ու աջակցողները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ: Ինչու՞ է սա կարևոր, որովհետև նույնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ մեզ կշտամբում էին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք: Հիմա, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Այնուհետև նա հիշեցրել է. - «Որոշ մարդիկ, իսկ այդ մարդկանց թիվը քիչ չէր, մեզ խստորեն քննադատում էին, պնդում էին, որ այդ արձանագրություններն առնվազն երկու շատ մեծ բացասական կողմ ունեն: Առաջին բացասականը, առաջին վնասը, որ մեզ կհասցնի շատ երկար ժամանակահատվածի ընթացքում, իրենց կարծիքով, Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումն էր: Հիմա ես հարցնում և՛ ձեզ, և՛ այդ մարդկանց՝ ինչո՞վ են այսօր թուրքերն զբաղված այդ հարցում: Իրենց ողջ ուժերը նետել են Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Ցեղասպանությանը վերաբերող բանաձևի դեմ պայքարելուն: Գիտե՞ք, որ վերջին 24 տարիների ընթացքում սա առաջին այդպիսի որոշումն է: Եթե մենք վնաս ենք հասցրել այդ գործընթացին և այն, ըստ ոմանց, պետք է կասեցվեր, ապա ինչու՞ է այսպիսի իրավիճակ այսօր: Եվ երկրորդ՝ կա՞ արդյոք մեկը, ով այսօր առանց աչքերը գետնին հառելու կպնդի, որ այդ արձանագրությունները վնասել են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը և որ այդ արձանագրություններով ուղղակի մենք հիմք են ստեղծում փոխզիջումների»։

Հայաստանի նախագահը նաև նշել է, որ Հայաստանի ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում ունի շատ հաստատուն դիրք, ամուր հիմքեր։

«Երբ Պաշտպանության բանակի հրամանատարը զեկուցում էր, տեսաք, թե լարվածության ինչպիսի աստիճան կա առաջին գծում: Ինչո՞վ է դա պայմանավորված. եթե բանակցային գործընթացում իրենց դիրքերը լավ են, և իրենք իրենց համար կարող են բարենպաստ լուծում ունենալ, ինչու՞ են լարվածությունն ավելացնում: Եվ ինչու՞ վերջին երեք-չորս տարիների ընթացքում լարվածությունն առաջին գծում այդքան բարձրացավ: Այսինքն՝ մի ճակատում տեսնում են, որ հաջողություն չունեն, փորձում են ճնշում գործադրել, փորձում են շանտաժի ենթարկել, փորձում են և՛ մեզ, և՛ միջազգային հանրությանն ասել, որ, միևնույնն է, մենք ուզում ենք, որպեսզի խնդիրն այսպես լուծվի: Բայց բանակցային գործընթացում շատ ակնհայտ է, որ մենք հիմա շահեկան դրության մեջ ենք»,- ասել է Սարգսյանը։

Նա նաև անդրադարձել է այն քննադատություներին, որ հայ-թուրքական արձանագրությունները հայանպաստ չեն՝ ասելով, որ եթե այդպես լիներ, Թուրքիան վաղուց վավերացրած կլիներ դրանք։

«Ակնհայտ է՝ եթե այդ փաստաթուղթը բխեր թուրքերի շահերից, նրանք վաղուց ոչ մի բանի առջև կանգ չէին առնի՝ ո՛չ Ադրբեջանի կարծիքի, ո՛չ որևէ մեկի կարծիքի, և այդ փաստաթղթերը հանգիստ կվավերացնեին: Եվ եթե այդ փաստաթղթերը բխեին թուրքական կողմի շահերից, այդ փաստաթղթերը լարվածություն չէին առաջացնի Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Այսքանը»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG