Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ պատգամավորները դատապարտել են Քեսաբի իրադարձությունները


Տեսարան Քեսաբից
Տեսարան Քեսաբից
Շուրջ երկու տասնյակ եվրոպացի և ռուս պատգամավորներ իրենց մտահոգությունն են հայտնում Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ և, դատապարտելով Քեսաբում քաղաքացիական բնակչության նկատմամբ ուժի կիրառումը, կոչ են անում Թուրքիայի իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկիչների կողմից Թուրքիայի տարածքի օգտագործումը և վարել հետաքննություն:

Երեկ Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը շրջանառության մեջ է դրել Քեսաբում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հայտարարություն, որի տակ ստորագրել են 22 պատգամավորներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Մոլդովայից, Ռուսաստանից և Հայաստանից։

Հայտարարության տեքստում, որն արդեն իսկ տեղադրված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասվում է.- «Վերջին հարձակումը կատարվել է Թուրքիայի սահմանի` Ալ-Քաիդայի ահաբեկչական խմբերի կողմից: Բնակչության դեմ ուղղված դաժան գործողությունների արդյունքում տեղի է ունեցել բնակչության տեղահանում: Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբում գտնվող եկեղեցիները, թալանել բնակիչներին և այդպիսով մեծ վնաս հասցրել բնակչությանը»:

Ըստ փաստաթղթի՝ Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունները գնահատվում է որպես մարդասիրական ճգնաժամ՝ հաշվի առնելով էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի պաշտպանության հրատապությունը Սիրիայում զինված հակամարտության պայմաններում։

Պատգամավորներն այս հայտարարությամբ կոչ են անում միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու փախստականների, այդ թվում նաև հայերի անվտանգությունն ու ապահովությունը։

«Ազատության» հետ զրույցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանն ասաց, թե հայկական պատվիրակությունը լիահույս է, որ այս հայտարարությունից հետո հարցը շատ ավելի արագ կլուծվի, քան պահանջում են ԵԽԽՎ-ի անհրաժեշտ ընթացակարգերը։

«Սա քաղաքական հայտարարություն է, որը ընթերցվելու է նիստի ժամանակ և դրանից հետո ինչ քայլեր կհաջորդեն, այդքան էլ կախված չէ այս հայտարարությունից։ Մեր պատվիրակությունը լիահույս է, որը հարցը շատ ավելի արագ կլուծվի, քան պահանջում են ԵԽԽՎ-ի ընթացակարգերը, և մենք կկարողանանք պարզապես լսելի դարձնել այս հարցը եվրոպացի մեր գործընկերների համար»,- փոխանցեց Կարապետյանը։

Քեսաբում տեղի ունեցածի վերաբերյալ մտահոգություն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։ Անդրադառնալով Քեսաբի վերաբերյալ տարածված լուրերում առկա մահապատիժների սարսափելի տեսարաններին՝ Բան կի-Մունը, մասնավորապես, ասում է.- «Չնայած ՄԱԿ-ը չի կարող ստուգել հաղորդվող վայրագությունների իսկությունը, սակայն մարդու իրավունքների հանդեպ աճող բռնություններն անհերքելիորեն շարունակվում են, և ամբողջ գյուղերի բնակիչներ, ինչպես, օրինակ, Քեսաբում, ստիպված են լինում փախչել»։

Հաղորդագրության մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է հակամարտող կողմերին ու նրանց աջակիցներին պաշտպանել քաղաքացիական անձանց՝ անկախ նրանց կրոնական, համայնքային և էթնիկ պատկանելիությունից։
XS
SM
MD
LG