Մատչելիության հղումներ

Դավութօղլու․ «Թուրքիան բացել էր դռները Քեսաբի հայերի համար»


Սիրիա - Հայաբնակ Քեսաբը զինյալների ներխուժումից հետո, 24-ը մարտի, 2014թ․
Սիրիա - Հայաբնակ Քեսաբը զինյալների ներխուժումից հետո, 24-ը մարտի, 2014թ․

Ռուսաստանը, մինչդեռ, Քեսաբի դեպքերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գնահատականն է ակնկալում։

Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի հանդիպմանը մեկնելու ճանապարհին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Daily Sabah-ի հետ զրույցում անդրադարձել է նաև Քեսաբի դեպքերին:

Նա ասել է, թե Թուրքիան բացել էր դռները խաչաձև կրակի տակ հայտնված Քեսաբի հայերի համար: «Ես անձամբ խոսել եմ հայկական հիմնադրամների և հայ համայնքի անդամների հետ, որ հայ փախստականներին Թուրքիայում ուրախությամբ կընդունեն՝ ապահովելու նրանց անվտանգությունը», - հավաստիացրել է Դավութօղլուն:

Նա ասել է, թե Ասադի ռեժիմի ու Ազատ սիրիական բանակի բախումներից փախչող հայերը սկսել են Թուրքիա մտնել, ավելացնելով, թե Թուրքիան պատրաստ է ամեն ինչ անել հայերի անվտանգությունը և հանգստությունը ապահովելու համար:

Թուրքական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին, որ 80-ամյա Սրբուհի և 82-ամյա Սաթենիկ Թիթիզյան քույրերը փախչելով Քեսաբից՝ անցել են Թուրքիա:

Ըստ լուրերի, նրանք շնորհակալություն են հայտնել Սիրիային սահմանակից թուրքական այդ շրջանի՝ Յայլադաջի տեղական իշխանություններին, մունիցիպալ ոստիկանության պետին՝ իրենց ընդունելու համար: Քույրերը արդեն կապ են հաստատել Թուրքիայում բնակվող իրենց հարազատների հետ և ցանկություն հայտնել մեկնել նրանց մոտ՝ Թուրքիայում մնացած միակ հայկական գյուղը՝ Վաքըֆլը:

Հայտնի է, որ Քեսաբի վրա հարձակվել են «Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցեղ «Ալ-Նուսրա» խմբավորման զինյալներ: Դամասկոսի պնդմամբ՝ Քեսաբի գրոհին աջակցել են Թուրքիայի տարածքից հրանոթային ռմբահարումները:

Դավութօղլուն հերքել է ծայրահեղական խմբավորումների հետ Թուրքիայի կապերի մեղադրանքները՝ դրանք համարելով «սև պրպագադա»: Նա Daily Sabah-ին ասել է, թե դրսի լրատվամիջոցներում Թուրքիայի մասին վերջին հրապարակումների վրա «մի բուռ աղ էր լցված»:

«Նույն նախադասության մեջ Թուրքիայի անունը չի կարող լինել «Ալ-Ղաիդա»-ի կամ նրա որևէ խմբավորման կողքին: Դա միտումնավոր քարոզչություն է», - հավաստիացրել է Դավութօղլուն՝ նշելով, թե Սիրիայի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հստակ է, հիմնված է հումանիտար նպատակների վրա, ու նաև ընդգծել է, որ միջազգային հանրությունը գովաբանում է Թուրքիայի ջանքերը Սիրիայի փախստականներին բազմաթիվ անգամ օգնություն ցուցաբերելու համար:

Նա ասել է, որ Թուրքիան շարունակում է նրբազգաց մնալ տարածաշրջանային զարգացումների հանդեպ ու անկախ արտաքին քաղաքականություն է վարում, չնայած փաստ է, որ աշխարհում տարբեր խմբեր հաճախ ընդդիմանում են նման քաղաքականությանը:

Հիշեցնենք, որ Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրի վրա կատարված հարձակումը դատապարտել է Ռուսաստանի արտգործնախարարությունը, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը խորը մտահոգություն է հայտնել: Սոցցանցերում արշավ է սկսվել՝ «Փրկել Քեսաբը» կարգախոսով:

Մոսկվան Քեսաբի դեպքերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գնահատականն է ակնկալում


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ խստորեն դատապարտելով Քեսաբի դեպքերը և ընդգծելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է քննարկի Քեսաբի իրավիճակը և սկզբունքային գնահատական տա այդ իրադարձություններին:

Հայտարարությունում նշված է, որ «ստացվող տեղեկությունների համաձայն՝ Քեսաբի շրջանը, որտեղ դեռ Կիլիկիայի Հայկական Թագավորության ժամանակաշրջանից, հարյուրամյակներով հայեր են կոմպակտ բնակվում, դաժան հարձակումների է ենթարկվում «Ալ- Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» ծայրահեղական խմբավորումների մի քանի հազարի հասնող զինյալների կողմից»: «Հարկ է նշել, որ պատմականորեն հայկական անկլավը, որի վրա հարձակվել է մարդասպանների ու ոճրագործների միջազգային բանդան, ռազմական օբեկտ չի հանդիսանում: Ջիհադիստների հետապնդումներից փրկված, իրենց տներից ստիպված հեռացած 700 ընտանիքների միակ մեղքն այն է, որ նրանք լոյալ են վերաբերվում Սիրիայի կառավարությանը: Հիմա նրանք ապաստան են գտնել Լաթաքիայի քրիստոնեական եկեղեցիներում ու ազգականների մոտ», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

«Մենք վճռականապես դատապարտում ենք Սիրիայում ծայրահեղականների վայրագությունները», - հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ ներկա պահին հատուկ հրատապություն է ստանում «Ութնյակի խմբի» որոշումները իրականացնելու հարցը, որոնք միտված են համախմբելու Սիրիայի կառավարության և ընդդիմության ջանքերը՝ սիրիական հողում արմատախիլ անելու համար ահաբեկչությունը, ջարդարարությունը և դուրս մղելու ծայրահեղականներին:

«Ցանկացած վերապահում՝ ուղղված մինչև Սիրիայում «ժամանակավոր կառավարող մարմնի» ստեղծումը գործնական քայլերի «հետաձգմանը», առավել ևս ահաբեկիչների հանցանքները արդարացնելու փորձերը բացարձակապես անընդունելի են, գործել պետք է անմիջապես։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է քննարկի Քեսաբի իրավիճակը և սկզբունքային գնահատական տա այդ իրադարձություններին», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ սա Քեսաբի իրադարձություններին Ռուսաստանի ԱԳՆ-ի երկրորդ արձագանքն է:
XS
SM
MD
LG