Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ուժի մեջ մտավ համաներումը


Ուսանողների քաղաքական ակցիան Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում, Կիև, 17 փետրվարի, 2014թ.
Ուսանողների քաղաքական ակցիան Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում, Կիև, 17 փետրվարի, 2014թ.

Առճակատումը թուլացել է, սակայն ընդդիմությունը նախագահական արտահերթ ընտրությունների պահանջից չի հրաժարվել։

Ուկրաինայի ընդդիմության լիդերներ Արսենի Յացենյուկը «Բատկիվշչինա» կուսակցությունից և Վիտալի Կլիչկոն «Ուդառ» կուսակցությունից այսօր երեկոյան Գերմանիայի մայրաքաղաքում հանդիպելու են կանցլեր Անգելա Մերկելի հետ։

Բեռլին ուղևորվող օդանավ բարձրանալուց առաջ Յացենյուկը և Կլիչկոն զրուցել են լրագրողների հետ։

«Առանցքային գործոնն արյունահեղությունից խուսափելն է»,- ասել է Յացենյուկը և ավելացրել.- «Ինչպես նաև ձախողված պետություն դառնալուց խուսափելը»։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիտալի Կլիչկոյի համոզմամբ, Ուկրաինան շատ մեծ նշանակություն ունի բոլոր երկրների համար։

«Ուկրաինայի պես խոշոր երկրում անկայունությունը կարող է անկայունություն առաջացնել ամբողջ տարածաշրջանում»,- ասել է Կլիչկոն։

Բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ստեղծած «Բատկիվշչինայի» խորհրդարանական խմբակցության ղեկավար, Ուկրաինայի նախկին արտգործնախարար և Գերագույն ռադայի նախկին խոսնակ Յացենյուկը համոզված է, որ եվրոպացի գործընկերները ֆինանսական աջակցություն կտրամադրեն միայն այն դեպքում, եթե համոզվեն, որ Ուկրաինայում վստահելի ներկայացուցչական կառավարություն է։

Արդեն երեք ամիս շարունակ Ուկրաինայում բողոքի լայնածավալ ակցիաներ են։ Ի պատասխան նախագահ Վիկտոր Յանուկովիչի արձակած ներման հրամանագրի, ընդդիմադիր ակտիվիստներն ազատել են Կիևի քաղաքապետարանը և մայրաքաղաքներում ու շրջաններում գրավված վարչական շենքերը, սակայն բողոքի էպիկենտրոնից` Անկախության հրապարակից, չեն հեռանում։

Նախնական կալանքի վայրերում պահվող ցուցարարներն ազատ են արձակվել, մեղադրանքները կարճվել են։ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի գրասենյակից երեկ հայտնել են, որ համաձայն ներքին գործերի նախարարության պաշտոնյաների, ցուցարարները կատարել են բոլոր պայմանավորվածությունները, ինչը հնարավոր է դարձրել ամնիստիայի որոշման կիրառումը։

Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը ողջունել է ցուցարարների՝ լարվածության թուլացմանն ուղղված գործողությունները և Ուկրաինայի ղեկավարներին հորդորել է «կարճել բոլոր գործերը, չեղյալ հայտարարել տնային կալանքի որոշումները և երկխոսության պայմաններ ստեղծել»։

Ուկրաինայում բողոքի ակցիաները սկսվել են անցյալ տարվա նոյեմբերին այն բանից հետո, երբ նախագահ Յանուկովիչը սառեցրել է Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը և գործարք է կնքել Վլադիմիր Պուտինի հետ։

Ընդդիմությունը չի ընդունում Ռուսաստանի հետ մերձենալու հեռանկարը։

«Մենք ուզում ենք, որ Ուկրաինան վաղ թե ուշ դառնա ոչ թե պարզապես եվրոպական ընտանիքի, այլ Եվրոպական միության անդամ»,- ասել է Արսենի Յացենյուկը։
XS
SM
MD
LG