Մատչելիության հղումներ

Ամբաստանյալ Արման Խաչատրյանը՝ «ռինգի» թեմայով


Ամբաստանյալ Արման Խաչատրյանը՝ «ռինգի» թեմայով
please wait

No media source currently available

0:00 0:03:35 0:00
«Հարսնաքարի» գործով այսօրվա դատական նիստին ամբաստանյալ, «Կյաժ» մականունով հայտնի Արման Խաչատրյանը ճառով հանդես եկավ իր պաշտպանի ճառից հետո:

Փաստաբան Ավագ Լալայանը միջնորդեց արդարացնել Արման Խաչատրյանին՝ նշելով, թե նրան առաջադրված մեղադրանքը «չի հիմնավորվել»: Փաստաբանը հրապարակեց Խաչատրյանի բնութագիրը, ըստ որի՝ վերջինս «բարեհամբույր, պարկեշտ» անձնավորություն է: Խաչատրյանը ճառի այդ հատվածը լսում էր գլխիկոր:

Ամբաստանյալ Արման Խաչատրյանն իր ճառում նշեց, թե իր խոսքով, «անհասկանալի» է առաջադրված մեղադրանքը: Տուժող Էդգար Նիկոյանի ցուցմունքներին անդրադառնալով՝ այսպիսի ձևակերպմամբ հանդես եկավ․ - «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե Էդգար Նիկոյանին անգամ իմ 3 տարեկան տղան էլ 15 րոպե չէ՝ անգամ 2 րոպե գետնի վրա ընկած ժամանակ ոտքերով հարվածներ հասցներ, եթե ոչ լուրջ, ապա թեթև մարմնական վնասվածքներ կհասցներ»:

Ամբաստանյալ Արման Խաչատրյանը չվարանեց դժգոհել նախորդ նիստի ժամանակ իր գործընկերոջ՝ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի հայտնած մտքերի հրապարակումից: Հայրապետյանն ասել էր, թե այն, ինչ տեղի է ունեցել «Հարսնաքարում», «նույն բանը ռինգում էլ է լինում»:

Ամբաստանյալ Արման Խաչատրյանն այսօր բողոքեց Հայրապետյանի խոսքերը մեջբերած լրատվամիջոցներից․ - «Պարզ չէ՞ր, որ Նորայր Հայրապետյանը ինչ էր ի նկատի ունեցել: Ասում էր, որ դեպք է՝ պատահել է, դժբախտ դեպք է պատահել, ես չեմ ուզեցել այդքան բան: Ի՞նչ ռինգի մասին է խոսք գնում»:

Ամբաստանյալ Արման Խաչատրյանը հարցադրում հնչեցրեց իրեն 13 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ մեղադրողի պահանջի կապակցությամբ: Նա հայտարարեց, թե 2012 թվականի հունիսի 17-ին «սովորական» գնացել էր աշխատանքի․ - «Մի տարի 7 ամիս է՝ ես ազատազրկված եմ, հարգելի դատարան, չգիտեմ էլ՝ ինչի համար եմ ազատազրկված: Մեղադրողը մի բան էլ 13 տարի պահանջում է, որ դատապարտվեմ: Ինչի՞ համար, որ սովորական մարդու նման ելել եմ առավոտ գնացել եմ իմ աշխատանքի վայրը, իմ աշխատանքի վայրում գտնվելու համար դատապարտվեմ 13 տարի՞»:

Նախաքննության ընթացքում քննիչն Արման Խաչատրյանին հարց է ուղղել, թե նա ինչ կապ ունի «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հետ, Խաչատրյանը պատասխանել է, որ նրա անվտանգության աշխատակիցն է։ Արման Խաչատրյանը փոխելով իր նախաքննական ցուցմունքը՝ դատարանում հայտարարել էր, թե այդ հարցին պատասխանել է ըստ իր տրամաբանության։ Նա մանրամասնել էր, թե իր տրամաբանությամբ, եթե ռեստորանը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, ինքն էլ այնտեղի անվտանգության աշխատակիցն է, բնականաբար Ռուբեն Հայրապետյանի աշխատակիցն էլ է, – այսպես էր իր ցուցմունքը դատարանում վերաձևակերպել Խաչատրյանը:

Մինչդեռ մարտին հրապարակվել էին ամբաստանյալ Դավիթ Ադամյանի նախաքննական ցուցմունքները, որտեղ Ադամյանը «Կյաժի»՝ Արման Խաչատրյանի վերաբերյալ ցուցմունք տալիս նրան վկայակոչել է որպես Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ:

«Հարսնաքարի» գործի դատավարությունն այսպիսով մոտեցավ ավարտին: Հաջորդ նիստի ժամանակ՝ հունվարի 31-ին կողմերը հանդես կգան ռեպլիկով, որից հետո ակնկալվում է դատավճիռը:
XS
SM
MD
LG