Մատչելիության հղումներ

«Հարսնաքարի» գործ․ Մեղադրողը նոր ճառ է պատրաստում


«Հարսնաքարի» գործով դատական նիստ, արխիվ
«Հարսնաքարի» գործով դատական նիստ, արխիվ
Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր «Հարսնաքարի» գործով սահմանափակեց տուժողների հարցաքննությունը:

Անցյալ տարվա հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում զինվորական բժիշկներին ծեծելու, Վահե Ավետյանին մահվան հասցնելու գործով դատաքննությունը վերսկսվել էր, երբ ամբաստանյալներից երեքը, ամիսներ շարունակ մեղադրանքը չընդունելուց հետո, իրենց վրա վերցրին երեք զինվորական բժիշկի ծեծելու պատասխանատվությունը:

Դատարանը վերսկսված դատաքննության շրջանակում կրկին հարցաքննել էր զինվորական բժիշկ Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Էդգար Նիկոյանին: Տուժողները հերքել էին ամբաստանյալների վերջին ցուցմունքները:

Մյուս տուժողը՝ Արկադի Աղաջանյանը, Հայաստանից հեռացել է սեպտեմբերի 6-ին: Այս կապակցությամբ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը տեղեկանք է տրամադրել դատարանին, և դատավորն այսօր հրապարակեց այդ տեղեկանքը: Արկադի Աղաջանյանն էլեկտրոնային փոստով նամակ է գրել իր ներկայացուցչին՝ փաստաբան Տիգրան Եգորյանին և նշել, որ Հայաստան կվերադառնա 2015 թվականին: Ուստի դատարանը որոշեց սահմանափակել տուժողների հարցաքննությունը:

Դատավորն այսօր երկրորդ անգամ հայտարարեց դատական վիճաբանությունների փուլին անցնելու մասին: Մեղադրող Արմեն Մարուխյանը ժամանակ խնդրեց ճառը պատրաստելու համար: Ասաց, որ ամբաստանյալների վերջին ցուցմունքների հետ կապված ժամանակ է անհրաժեշտ ճառի համար:

Նախքան ամբաստանյալների վերջին ցուցմունքները մեղադրողը դատարանից պահանջել էր Վահե Ավետյանին ծեծելով մահ պատճառելու, իսկ մյուս տուժողներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող 6 ամբաստանյալներից յուրաքանչյուրին դատապարտել 13-ական տարվա ազատազրկման և 100-հազարական դրամ տուգանքի:

Ուշագրավ է, որ թե ամբաստանյալների, թե տուժողների վերջին հարցաքննությունների ժամանակ մեղադրողը հարցադրումներ էր հնչեցնում ամբաստանյալների, ինչպես նաև ամբաստանյալների և տուժողների ցուցմունքների հակասությունների մասին:

Թե որքանո՞վ մեղադրողն արժանահավատ կհամարի Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար» ռեստորանի աշխատակիցների վերջին ցուցմունքները համաներման մասին խորհրդարանի որոշումից հետո, հայտնի կդառնա հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 8-ին:
XS
SM
MD
LG