Մատչելիության հղումներ

«Հարսնաքարի» գործով տուժողները սպանության մեղադրանք են պահանջում


«Հարսնաքարի» գործով տուժողների պահանջը՝ սպանության մեղադրանք
please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00
Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն այսօր հրապարակեց ճառը: Փաստաբանը դատախազից պահանջեց Վահե Ավետյանին ծեծելով մահվան հասցնելու մեղադրանքը փոխարինել սպանության մեղադրանքով: Տուժողի ներկայացուցիչը հիշեցրեց, որ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ: Տիգրան Եգորյանը հիմնավորեց սպանության մեղադրանք առաջադրելու անհրաժեշտությունը։

«Արարքը Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով որակելու անհրաժեշտությունը հիմնավորվում է այն փաստը, որ ծեծը դադարել է բոլոր տուժողների՝ գետնին հայտնվելու, այլևս պաշտպանվելու և դիմադրելու ունակությունից և հնարավորությունից զրկվելու արդյունքում միայն։ Դա ապացուցվում է տուժողներ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի, Էդգար Նիկոյանի և Արկադի Աղաջանյանի՝ դատաքննության ժամանակ հայտնած հետևյալ ցուցմունքներով. ըստ Արտակ Բայադյանի` ինքը գետնին ընկած ժամանակ նախքան գիտակցությունը կորցնելը լսել է «լավ մեռավ, էլ մի խփեք» բառերը»,- ասաց Եգորյանը։

Տուժող կողմի ճառում անդրադարձ կար նաև ամբաստանյալների վերջին ցուցմունքներին: Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն իր վրա էր վերցրել բացառապես Վահե Ավետյանին հարվածելու պատասխանատվությունը: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն ասել էր, թե միայն ինքն է հարվածել մյուս զինվորական բժշկին՝ Արտակ Բայադյանին: Իսկ երրորդ ամբաստանյալը՝ Արթուր Բաբլոյանն էլ ստանձնել էր բացառապես տուժող Գարիկ Սողոմոնյանին հարվածելու պատասխանատվությունը: Մինչ այդ, սակայն, ամբաստանյալները կտրուկ հրաժարվել էին մեղադրանքն ընդունելուց:

Տուժող կողմի ներկայացուցչի գնահատականը՝ համաներում հայտարարելու Ազգային ժողովի որոշումից հետո ամբաստանյալների ցուցմունքներին.- «Ինչ վերաբերում է ամբաստանյալների հանկարծակի ծագած խղճի խայթին և ինքնախոստովանական ցուցմունքներին, ապա դրանք, կարծում եմ, արժեքավոր են ուղիղ այնքանով, որքանով որ նրանք ընդունում են, որ ծեծի են ենթարկել տուժողներին, իսկ մնացած մասով, իրենց հակասական բնույթով, ուղղակի դառնում են, մեղմ ասած, ոչ արժանահավատ»,- ասաց փաստաբանը։

Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչը վկայակոչեց օրենքի այն դրույթը, ըստ որի՝ մեղադրողը «Հարսնաքարի» գործով ստեղծված ներկայիս իրավիճակում կարող է դատարանին ներկայացնել մեղադրանքը խստացնելու միջնորդություն: Մեղադրողը նման միջնորդությամբ կարող է հանդես գալ մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը.- «Այսպիսով՝ տուժող կողմն իրավացիորեն գտնում է, որ սույն քրեական գործով մեղադրողը պետք է գոնե մեկ անգամ դրսևորի որոշակի խիզախություն, և դեմ գնալով նոմենկլատուրային ճնշումներին, դատարան ներկայացնի ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը լրացնելու, փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, իսկ այնուհետև ամբաստանյալների կատարած արարքը որակելու ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերի հատկանիշներով»:

Տիգրան Եգորյանն իր ճառում, անդրադառնալով ամբաստանյալներին, պնդեց․- «Նրանք հայտնի օլիգարխի՝ Ռուբեն Հայրապետյանի «թիկնապահներ» են, իրար վաղուց են ճանաչում և տվյալ վայրում հավաքվել են հեռախոսներով միմյանց տեղեկացնելու միջոցով»:

Այդ փաստը, ըստ Եգորյանի, հաստատված է գործի նյութերում առկա հեռախոսազանգերի վերծանումներով: Ճառի մեջ գնահատական կար նաև այս գործի նախաքննությանը:

«Ամեն գնով փորձ էր արվում հնարավորինս մեծ տարածություն ապահովելու «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միակ սեփականատեր, հայտնի հայաստանյան օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի և տեղի ունեցած հանցագործության միջև», -պնդեց տուժող կողմի փաստաբանը:

Հաջորդ դատական նիստին ճառով պետք է հանդես գան ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները: Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 9-ին:
XS
SM
MD
LG