Մատչելիության հղումներ

«Էյր Արմենիա» ավիաընկերությանը աջակցելու մեխանիզմներ կմշակվեն


Նախորդ տարվա հոկտեմբերին կառավարության կողմից բաց երկնքի քաղաքականություն ընդունելուց հետո հայկական ավիաշուկայում արդեն 5 նոր ավիաընկերություն է հայտնվել։

Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի խոսքով դրանք եվրոպական, արաբական և ռուսական ընկերություններ են։ Այս պահին մի շարք ընկերությունների հետ բանակցություններ են տարվում։

Բաց երկնքի քաղաքականությունը կառավարությունը ընդունեց «Մաքքենզի» խորհրդատվական ընկերության կողմից մշակված հայկական ավիաշուկայի զարգացման ծրագրի շրջանակներում: Դրա անհրաժեշտությունը առաջացավ «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո։ Այս ծրագրի մյուս կարևոր կետը վերաբերում էր հայկական ավիաընկերություններին․ ըստ այդմ տեղական ոչ մի ավիաընկերություն չէր ստանալու գործելու այն բացառիկ իրավունքները, որոնք տրվել էին «Արմավիային»։

Սպասվում էր, որ արդյունքում շուկայում պետք է մի քանի հայկական ավիաընկերություններ հայտնվեին, մինչդեռ այս պահին գործում է «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որի մի մասի սեփականատերն է ԱԺ հանրապետական պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եղբայրը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քաղավիացիայի վարչության պետը այլ հայկական ավիաընկերությունների՝ շուկայում չհայտնվելը կապեց ոլորտի ռիսկայնության հետ։ Մովսեսյանի կարծիքով բաց օդի քաղաքականությունը ոչ թե տապալվել է, այլ իրականացել է մասնակիորեն։ Ինչ վերաբերում է «Էյր Արմենիային», ապա այս պահին ընկերությունը պետական որևէ աջակցություն չի ստանում, սակայն ապագայում ընկերությանն աջակցելու մեխանիզմներ պետք է մշակվեն։

Այս տարի աշխատանքներ են տարվելու հանրապետության ներսում չվերթերի բացման համար, մասնավորապես աշխատանքներ են տարվում Կապանի և Ստեփանավանի օդանավակայանների շուրջ: Ինչ վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանին, ապա այստեղ իրավիճակը դեռ անորոշ է։ Մոտ մեկ տարի առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մովսեսյանը նշել էր, որ Ստեփանակերտի օդանավակայանում լրացուցիչ ստուգումներ պետք է անցկացնեն, այսօր մեզ հետ զրույցում նա նույն պատասխանը տվեց։

Ինչ վերաբերում է հանրապետության գլխավոր օդանավակայանին․ վերջերս կառավարությունը որոշում կայացրեց քանդել «Զվարթնոցի» նախկին շենքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արտյոմ Մովսեսյանը նշեց, որ նիստի ընթացքում վարչապետը առաջարկել էր այդ հատվածում ժամանցի գոտի ստեղծել, որտեղ կպահպանվեն մշակութային արժեքները: Թե ինչ տեսք կունենա այդ ժամանցի գոտին՝ նա դժվարացավ ասել, միայն նշեց, որ առայժմ քննարկումներ են ընթանում:
XS
SM
MD
LG