Մատչելիության հղումներ

Հայաստանից թռիչքներ իրականացնող օտարերկրյա ավիաընկերությունների թիվը կաճի


«Արմենիա» միջազգային օդանավակայանում ակնկալում են, որ արդեն հաջորդ ամսվանից ավիատոմսերի սակագները կնվազեն:

Այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն հայտարարեց, թե «Արմավիայի» հեռանալուց հետո էականորեն մեծացել է հետաքրքրությունը Հայաստանի օդանավակայանի նկատմամբ, եւ իրենք փորձելու են հնարավորինս շատ ավիաընկերություններ բերել Երեւան:

«Ակնհայտ է, որ տոմսերի գներն իջեցնելու համար մեզ ավելի շատ չվերթներ են անհրաժեշտ: Ուստի պետք է ունենանք բաց շուկա, որպեսզի բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան չվերթ իրականացնել դեպի Հայաստան, դա թույլ տրվի: Իսկ մինչեւ այժմ բոլոր ավիաընկորւթյունների համար կային որոշակի սահմանափակումներ», - հայտարարեց Վենդեն:

Այսօր օդանավակայանում ներկայացվեց իսրայելական «Արկիա» ընկերության նոր չվերթը` Երեւանից դեպի Թել Ավիվ` շաբաթական մեկ անգամ, երկկողմանի տոմսի արժեքը 310 եվրո է (մոտ 170 հազար դրամ): Շուրջ հինգ տարի է ընկերությունը նույն չվերթն իրականացնում է Թբիլիսիից. ինչպես այսօր ընկերության ներկայացուցիչն ասաց` հիմա նոր են նպատակահարմար գտել հայաստանյան շուկայում էլ աշխատել: «Արմենիա» միջազգային օդանավակայանի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանի փոխանցմամբ` հունիսից մի շարք այլ ավիաընկերություններ էլ կսկսեն Հայաստանից չվերթներ իրականացնել:

«Մենք նախատեսում ենք նաեւ հաջորդ ամիս ներկայացնել ուղիղ չվերթ Երեւան-Բեյրութ ուղղությամբ, որը «Միդլ Իսթ» ընկերությունը կիրականացնի: «Լոթ» ընկերությունը, որը շուկան լքեց հինգ ամիս առաջ եւ հակասություններ ունի «Արմավիայի» հետ, նորից մտնում է հունիսի 15-ին` Երեւան-Վարշավա շաբաթական 5 չվերթով, «Տրանս աերո» ընկերությունը, որը նոր ուղղություն է բացում` Մոսկվայից դեպի Երեւան», - հայտարարեց Շխյանը:

Բացի այդ «Ֆլայ Դուբայ» ընկերությունը հաջորդ ամսվանից արդեն ամեն օր թռիչքներ կիրականացնի դեպի Դուբայ: Չվերթներն ավելացրել են նաեւ ռուսական բոլոր ընկերությունները: Օդանավակայանի ղեկավարությունը պնդում է, որ այսօր դատարկ ինքնաթիռներ Հայաստանից օդ չեն բարձրանում: Անդրանիկ Շխյանի գնահատմամբ` եթե «Արմավիան» չսնանկանար, որեւէ փոփոխություն Հայաստան եկող ինքնաթիռների չվացուցակում տեղի չէր ունենալու: Ուստի «Արմենիա» օդանավակայանը դեմ է մեկ ազգային փոխադրող ունենալու գաղափարին:

«Գոնե այն բանի համար, որ խուսափենք նման խնդիրներից, որ մենք ունեցանք երկու ամիս առաջ. եթե մեկ ընկերություն ուղղակի որոշի եւ փակվի, գոնե ինչ-որ մեկը փոխարինի եւ շուկայի տատանումները չունենանք», - ասաց Շխյանը:

«Արմավիայի» պարտքը օդանավակայանին շուրջ 5.5 միլիոն դոլար է, սպասում են դատական գործընթացին, ընկերության 6 ինքնաթիռները մինչ այդ շարունակում են կայանել «Զվարթնոցի» տարածքում: «Արմենիա» միջազգային օդանավակայանի ղեկավարությունը համաձայն չէ, թե իրենց սպասարկման բարձր գների պատճառով է գոյացել «Արմավիայի» պարտքը: Օդանավակայանը չէր կարող նվազեցնել վառելիքի գինը կամ օդի տուրքը, այսօր հակադարձում էր Անդրանիկ Շխյանը:

«Իրականում զուտ օդանավակայանի սակագներով մենք մրցունակ ենք, նույնիսկ ավելի էժան ենք, քան մեր հարեւան երկրները, երկու անգամ ավելի էժան ենք, քան մեր հարեւան Ադրբեջանը: Սրա մասին գիտի նաեւ կառավարությունը», - ասաց օդանավակայանի ներկայացուցիչը:

Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են ճշմարտացի լուրերը, թե օդանավակայանում մտադրություն կա քանդել հին մասնաշենքը` աշտարակը, Անդրանիկ Շխյանը նախ հիշեցրեց, որ թե ներկայիս, թե հին մասնաշենքերը Հայաստանի հանրապետության սեփականությունն են` միեւնույն ժամանակ չհերքելով, որ հին աշտարակը հետագայում կարող է խոչընդոտել իրենց աշխատանքը:

«Մենք` որպես օդանավակայանի կառավարիչներ, ներկայացրել ենք մեր կարծիքը, որ եթե մենք նախատեսում ենք 5-10 տարի հետո մեծացնել օդանավակայանը, որովհետեւ ավելի շատ ուղեւորափոխադրում ենք ունենալու, ապա հին, կլոր մասնաշենքը տեղադրված է այն հատվածում, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ: Մենք չենք ասել, որ դա հիմա պետք է հանել: Քաղաքապետարանը շատ արագ արձագանքել է եւ ասել է, որ մենք այս պահին նպատակահարմար չենք գտնում քանդել այն», - ասաց Շխյանը:
XS
SM
MD
LG