Մատչելիության հղումներ

Էժան ավիատոմսերի պատճառով հայերը նախընտրում են Թբիլիսիից թռչել


Թբիլիսիի միջազգային օդանավակայանը, արխիվ
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը, արխիվ
Վերջին շրջանում բազմաթիվ հայեր ճամփորդելիս մեքենայով գնում են Վրաստան ու այնտեղից թռչում որևէ այլ երկիր․ պատճառը էժան ավիատոմսով գնալու ցանկությունն է։

Օրինակ, եթե պատրաստվում Երևանից հոկտեմբերի 25-ին մեկնել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ 10 օրով և փնտրում եք ամենաէժան ավիատոմսերը, պետք է գնեք Sibir Airlines-ից, հաջորդ էժանը Aeoroflot-ն է, իսկ Airberlin-ը ամենաթանկն է։

«Սիբիրյան ավիաուղիներով» Մադրիդ կթռչեք՝ վճարելով 805 ԱՄՆ դոլար (մոտ 330 հազար դրամ) ճանապարհին վայրէջք կատարելով Մոսկվայում։ Նույն օրը Թբիլիսիից Մադրիդ կարող եք թռչել՝ վճարելով ընդամենը 400 դոլար (մոտ 163 հազար դրամ), կթռչեք Alitalia իտալական ավիաուղիներով, կրկին մեկ վայ8էջքով։

Վրաստանից ավելի էժան թռչելու հնարավորությունից օգտվում են ոչ միայն տարբեր անհատներ, այլև զբոսաշրջային գործակալությունները։ My Trip գործակալության տնօրեն Վահան Գասպարյանը ասում է` փաթեթների մեր մասի դեպքում այս ամառ ճամփորդողներին առաջարկել են թռչել Թբիլիսիի օդանավակայանից։

Այս գործակալությունը ճամփորդողներին առաջակում է թռչել նաև Քութայիսից, եթե մարդիկ պատրաստ են կտրել ավելի քան 450 կիլոմետր ավտոմեքենայով, փոխարենը էժան ավիատոմսով թռչել Եվրոպա։

«Քութայիսից թռչում է WizzAir-ը, և այն բավականին մատչելի գներ է առաջարկում: Շատ ցանկալի կլիներ, որ նման բան լիներ նաև Հայաստանում»,- ասաց Գասպարյանը:

Հունգարական WizzAir համարվում է էժան տոմսեր առաջարկող փոխադրող։ Հայաստանից այսպիսի ավիաուղիներ չեն թռչում, կարելի է եզրակացնել միայն ավիատոմսերին գներին նայելով։ Հիմնականում համեմատաբար ամենաէժանը ռուսական ավիաուղիներ են, որոնց գները չեն համեմատվում low cost՝ էժան ավիաուղիների առաջարկած գների հետ։

Վերջերս նշված հունգարական ավիաուղիների ուկրաինական ճյուղը հետաքրքրություն էր հայտնել հայկական շուկա մտնելու։ Միջազգային հարաբերությունների մասնագետ Արմեն Գրիգորյանը այս մասին տեղեկացել է WizzAir-ի տնօրենի` Forbes ամսագրին տված հարցազրույցից։

«Տնօրենը հայտնել է, որ իրենք հետաքրքրված են, ասել էր՝ եթե իշխանությունները ցանկություն ունեն ոլորտում բարեփոխումներ կատարել, ապա կարող են զանգել հենց տնօրենին և ասել՝ «պատրաստակամություն ունենք Հայաստանում շուկան ձեզ համար բացելու և պայմաններ ստեղծելու»: Այդ ընկերությունները չեն մտնում մեր շուկա, քանի որ շուկա մտնելը դժվար է»,- ասաց Գրիգորյանը:

Քաղավիացիայի գլխավոր վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ WizzAir-ի ներկայացուցիչը հանդիպել է քաղավիացիայի վարչության ներկայացուցչի հետ, ով առաջարկել է ընկերությանը կանոնավոր թռիչքներ իրականացնելու թույլտվության հայտ ներկայացնել, բայց ընկերությունը այդպես է հայտ չի ուղարկել։

Ավիացիայի ոլորտի մասնագետ Շահեն Պետրոսյան բացատրում է, որ ավիատոմսի գինը հիմնականում գոյանում է վառելիքի գնից ու օդանավակայանին սպասարկման գումարից, աշխատավարձերից և այլն։ Այսօր Հայաստան մի քանի տասնյակ ավիաուղիներ են թռչում, բայց տոմսերը էժան չեն լինի, քանի դեռ Հայաստանում վառելիքն է թանկ և «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկումը։ Բացի այդ, ըստ Պետրոսյանի, ժամանակին «Արմավիան» իր ունեցած մենաշնորհի պատճառով տոմսերը թանկ էր վաճառում, իսկ մյուս՝ Հայաստան թռչող ավիաընկերությունները առաջակում էին գներ ըստ Արմավիայի գների։

«Նրանց էլ ձեռք է տալիս, միևնույնն է՝ ուրիշ ճանապարհ չկա Հայաստանից ուղևորների համար, միևնույնն է՝ օդանավով պետք է գնան»,- ասում է Պետրոսյանը:

«Արմավիան» հիմա չի գործում, բայց միջազգային ընկերությունները պահպանում են նույն գները․- «Որովհետև մրցակցություն այս կողմից չկա, մենք այդ շուկան կորցնում ենք օրեցօր», - շեշտում է Պետրոսյանը:

Շահեն Պետրոսյանը կարծում է՝ որպեսզի Հայաստանից ցածր գներով թռչեն, հարկավոր է, որ «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկման գինն իջեցնի, վերանա վառելիքի վաճառքի մենաշնորհը կամ հարկավոր է թռիչքներ կատարել նաև Գյումրիի օդանավակայանից։ Իսկ թե ինչու է չի զարգացվում Գյումրիի օդանավակայանը, Պետրոսյանը պատասխանում է․- «Չգիտեմ, հավես չունեն երևի, զահլա չունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG