Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանի մերձավորները դիմել են իրավապաշտպան կառույցներին


«Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով Ազատության հրապարակում նստացույց անցկացրած և նոյեմբերի 5-ին ձերբակալված, այնուհետև կալանավորված Շանթ Հարությունյանի մերձավորները դիմել են իրավապաշտպան կազմակերպություններին:

Amnesty International, Freedom House, International Human Rights Law Group, Civil Societi Institute, International Committee of the Red Cross հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին ուղղված բողոք-նամակներում Հարությունյանի մերձավորները տեղեկացնում են, որ նրա նկատմամբ տեսակցությունների արգելք է կիրառվում:

«Անկախ Հայաստանում այսօր քաղբանտարկյալները ռազմագերու կարգավիճակում են: Շանթին և ընկերներին գերությունից փրկելու, իրավունքները վերականգնելու, տեսակցությունների արգելանքը վերացնելու նպատակով բողոքներ են ուղարկվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը` հավելելով, որ իրավիճակի կապակցությամբ գրություն է հասցեագրվել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին:

«Չեմ կարծում, թե տեսակցություններն ու հեռախոսազանգերն արգելվում են իբրև թե նախաքննության ընթացքին չխոչընդոտելու համար: Ճշմարտությունն այն է, որ դրանք սկզբում բռնության հետքերը թաքցնելու նպատակ ունեին, հիմա` հոգեբանական ճնշում գործադրելու», - ասաց Ռուզան Բադալյանը:

Անցյալ ամիս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանն իր հետ մեկուսարանում հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչպես է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ծեծի ենթարկել իրեն: Այս հայտարարությունից երկու շաբաթ անց հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի գրության կապակցությամբ՝ պատճառաբանելով, թե` «Փաշինյանի նկարագրած հանցագործության դեպքը բացակայում է»։

Ռուզան Բադալյանը այս ամենով հանդերձ Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ի գործով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներով կալանավորված անձանց տեսակցությունները սահմանափակելու կապակցությամբ ասաց.- «Ակնհայտ է, որ սա ևս Խորհրդային Միության դասական գործելաոճերից է: Այն ժամանակ էլ տեսակցությունները թույլատրում էին տարեկան մեկ-երկու անգամ: Հաճախ դա էլ էին արգելում` պատճառաբանելով, թե քաղբանտարկյալը խախտումներ է թույլ տվել և այդպիսով պատժվում է: Կալանավորվածին էլ խեղաթյուրված ինֆորմացիա էին հասցնում հարազատների մասին: Ոչ մի լուր հարազատներից, բացարձակ մեկուսացում, որը կբերի ծանր ապրումների: Ահա նպատակը: 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ էլ Շանթի հետ նույն կերպ վարվեցին: Նախօրոք պլանավորելով հոգեբուժարան տեղափոխել` արգելեցին թույլատրած զանգերն ու տեսակցությունները, մեկուսացրեցին առանձին խցում, զանազան սադրանքներով, սուտ լուրերով փորձեցին հունից հանել: Հիմա էլ նույնը չէ՞: Ուրիշ սցենար չունեն Շանթի համար` հոգեբուժարան, մեկուսացում, հոգեբանական ճնշում: Պարզունակ է, բայց` ժամանակի բովով թրծված»:

Ռուզան Բադալյանը համոզմունք հայտնեց, որ մեկուսացումից հետո էլ Շանթ Հարությունյանը չի փոխի իր գաղափարները.- «Թող հույս չունենան, եթե արդեն չեն համոզվել, ԿԳԲ-ներով, հոգեբուժարաններով, անմիտ մեկուսացումներով, արգելքներով Շանթի անկոտրում ոգին ընկճել չի հաջողվի, քանզի նրա կամքն ու խիզախությունը գաղափարներով են սնվում: Ոչ մի բանտ, ոչ մի բարոյական ու ֆիզիկական ճնշում չեն համեմատվի նրա գաղափարների ամրության հետ: Ու թող իմանան` ճաղավանդակներից այս, թե այն կողմ Շանթը նույն ազատ մարդն է, ինչը հասու չէ ոչ միայն նրան կալանավորողներին, այլև շատ հասարակ մահկանացուների: Թերևս սրանում է մեր դժբախտությունը: Նժդեհն է ասել` «Ես տեսա հոգով ազատը ստրկության մեջ ու սիրեցի մարդուն: Ես տեսա ստրուկին ազատության մեջ ու գարշեցի մարդուց»:
XS
SM
MD
LG