Մատչելիության հղումներ

Գյումրիում դեռ մոտ 4000 տնակ կա


Գյումրիում 1988-ի երկրաշարժից հետո մինչ օրս 96 տնակային ավան կա, որտեղ շարունակում են ապրել հազարավոր ընտանիքներ՝ ոմանք արդեն 25 տարի։

Գյումրիի քաղաքապետարանը քաղաքում առկա տնակների ստույգ թիվը ճշտելու նպատակով մեկ ամսից ավելի է՝ իրականացնում է տնակների հաշվառում։ Այս հաշվառմամբ կճշտվի մի քանի հանգամանք՝ նախ փաստացի առկա տնակների թիվը, տնակներում բնակվող ընտանիքների թիվը, որ երկրաշարժից անօթևան է դարձել, բայց հաշվառված չէ անօթևանների հերթացուցակում, քանիսն են բնակարանները վաճառել և վերադարձել տնակ կամ տուն ստացել և չեն տեղափոխվել։ Կան նաև լքված տնակներ։

Գյումրիի քաղաքապետարանի բնակարանների հաշվառման և բաշխման բաժնի պետ Արտյոմ Դավթյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե տնակների մոտավոր թիվը 4000 է։

«Քաղաքապետի հիմնական հանձնարարությունն այն է, որ ճշտենք անօթևանների ստույգ թիվը»,- ասաց Դավթյանը։

Անօթևան ընտանիքների վերջին հաշվառումը 2008 թվականին է անցկացվել, մինչև նոյեմբերի 1-ը ներկայացած ընտանիքները հաշվառվել են։ Գյումրիում հաշվառվել է 4270 ընտանիք։ 2812 բնակարան է կառուցվել և հատկացվել անօթևան ընտանիքներին։ Եվս 420 բնակարան կառուցելու է, այդպես են խոստացել իշխանությունները։

Այս թվերի հանրագումարում պարզ երևում է, որ պետությունը դեռ 1038 ընտանիքի նկատմամբ բնակարանով ապահովելու պարտավորվածություն ունի, դրան գումարած կան 200-ից ավելի անօթևան ընտանիքներ, որոնք չեն հասցրել հաշվառվել, բայց փաստացի երկրաշարժից անօթևան են։

Տնակների հաշվառման գործընթացի ավարտից հետո, երբ արդեն հստակ կլինի, թե երկրաշարժից անօթևան դեռ քանի ընտանիք կա, պարզ կդառնա՝ անօթևանության նոր ծրագիր կլինի, թե՝ ոչ։

Համենայնդեպս, նախագահի և կառավարության տված խոստումը, թե 2013 թվականը աղետի գոտում անօթևանության խնդրի վերջնական լուծման համար վերջնաժամկետ կլինի, իրականություն չդարձավ։ Գյումրիում դեռ 420 բնակարանի շինարարական աշխատանքները չեն մեկնարկել, Ախուրյանում էլ մի քանի ամիս է՝ աշխատանքները դադարեցված են։
XS
SM
MD
LG