Մատչելիության հղումներ

Գյումրիում պահանջում են լուծել տնակներում բնակվող ընտանիքների խնդիրը


Գյումրիում գործող «Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամներն այսօր կոչով դիմեցին Հայաստանի իշխանություններին` չեղյալ համարել կառավարության 432 որոշումը:

Այս որոշմամբ մինչ օրս իրականացվում է բնակբաշխումը: Ըստ այդ որոշման անօթեւան ընտանիքին փոխհատուցում են այնքան սենյակով բնակարան, որքան կորցրել են երկրաշարժի ժամանակ: Այստեղ հաշվի չի առնվում, որ տարիների ընթացքում անօթեւան ընտանիքի անդամների թիվը աճել է: Սակայն եթե ընտանիքի անդամների թիվը նվազել է, ապա անմիջապես պակաս սենյակով բնակարան է հատկացվում:

Անօթեւան ընտանիքները միշտ բողոքել են, սակայն որոշումն այդպես էլ չի վերանայվել: Արդյունքում միայն անօթեւան ընտանիքներում վերջիններիս տան անդամների թվի աճով պայմանավորված, «կիսված» մոտ 2000 ընտանիք շարունակում է ապրել տնակում, այդ նույն ընտանիքների մի մասն էլ` արդեն ստացած բնակարանում: Կան դեպքեր, երբ բնակարանը ընտանիքների միջեւ իսկական կռվախնձոր է դառնում` թե ով բնակարանում ապրի, ով մնա տնակում:

«Քաղաքը մերն է» նախաձեռնության կարծիքով`ժամանակն է այդ որոշումը չեղյալ համարել եւ այդ ընտանիքներին բնակարաններով ապահովել:

«Տնակներում 24 ապրելուց հետո, հեռանկար չունենալով, հետեւանքները սոցիալական ճգնաժամի կերպարանք ունեն, այս մարդիկ կամ արտագաղթելու են, կամ լյումպենանում են, ոչնչանում են որպես քաղաքացի եւ այլն: Մենք համարում ենք, որ կառավարության 432 որոշումը շատ անարդարացի է, թույլ չի տալիս բարելավում այս ընտանիքների համար: Մյուս կողմից եթե այդ որոշման համապատասխան` ընտանիքները փոխհատուցվեին 2-3 տարում, մինչեւ 2000-2001 թվականը, հիմա այս թվերը չէինք ունենա: Եթե այսօր պետությունը այս խմբերին չի ճանաչում անօթեւան եւ չի պատրաստվելու նրանց ինչ-որ կերպ բնակարանով ապահովելու, 10 տարի հետո մենք չենք ունենա 2000 անօթեւան ընտանիք, մենք կունենանք 5000 անօթեւան ընտանիք: Այս ընտանիքները աճում են, եւ ճիշտ կլինի, որ պետությունը շատ արագ ձեռնամուխ լինի այս խնդիրների լուծմանը», - ասաց Բարսեղյանը:

Այս պահի դրությամբ տարբեր պատճառներով տնակում ապրող ընտանիքների թիվը 4500-ի սահմաններում է:

Քաղաքացիական նախաձեռնությունը «կիսված» մոտ 2000 ընտանիքի համար առաջարկում է կառուցել բնակարաններ` 2 տարվա ընթացքում: Մնացած խմբերի համար էլ առաջարկում են կառուցել սոցիալական բնակարաններ:

«Այս մարդկանց համար սոցիալական բնակարաններ ստեղծելու կամ նրանց` այնտեղ խորհրդանշական գումարով կամ անվճար բնակվել բնակվել թույլ տալու առաջարկն է` պայմանով, որ իրենք վճարեն իրենց կոմունալ ծախսերը` գազը, լույսը, ջուրը եւ այլն», - ասում է Բարսեղյանը:

Առաջարկ եղավ արտոնյալ պայմաններով վարկ տրամադրել այդ ընտանիքներին կամ էժան շինանյութ: Կոչում ասվում է, որ առաջիկա 2-3 տարում խնդիրը պետք է լուծում ստանա, այլապես ստացվում է, որ տնակներում ապրողների խնդրի լուծումը ընտրությունից ընտրություն կձգձվի:

«Եթե պետությունը ցանկություն ունենա, բյուջեի մեջ մենք մի 30 հատ տող կգտնենք, կասենք, այստեղից կարելի է կտրել: Թող չքշեն 30-50-80 հազար դոլարանոց մեքենաներ, թող քշեն 10 հազարանոց մեքենաներ: Ի՞նչ կլինի: Լիքը հնարավորություն կա: Եթե որեւէ երկրում նման խնդիր կա, ուրեմն դա պիտի լինի պետության առաջնահերթությունների մեջ: Պետությունը չի ուզում նկատել, կամ հատվածական է նկատում, պահում է մի կտոր` ընտրությունների ժամանակ շահարկելու», - ասաց Բարսեղյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG