Մատչելիության հղումներ

Տիգրան Վիրաբյանը ձերբակալվել է


Հայաստանի կառավարության որոշումներով հաստատված՝ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության 2012-2013 թվականների ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով, նախատեսված` Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ձերբակալվել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը:

Այդ մասին այսօր տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը՝ հավելելով, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Կառավարության աջակցությամբ տրամադրվող մատչելի դիզվառելիք ձեռք բերելու ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված մեծաթիվ խախտումների վերաբերյալ անցած ամիս հայտարարել էր ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունը։

Տիգրան Վիրաբյանը Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների ժամանակ գլխավորում էր թիվ 17/4 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովը։ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 25-ին մերժեց նրա դեմ թոշակառու Անիկ Դավթյանի եւ լրագրող Ծովինար Նազարյանի հայցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG