Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. Ադրբեջանում դրված ականները սպառնում են պայթել միաժամանակ


Նախագահ Սերժ Սարգսյանը գլխավորում է Ազգային անվտանգության խորհրդի նիստը
Նախագահ Սերժ Սարգսյանը գլխավորում է Ազգային անվտանգության խորհրդի նիստը
Հայաստանի նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը փոխանցում է, որ նիստին ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Ի դեպ, Անվտանգության խորհրդի նիստին այսօր դարձյալ չի մասնակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսնակ Իվետա Տոնոյանը փոխանցեց, որ Ծառուկյանի` նիստին չմասնակցելու պատճառների մասին տեղեկություն չունի:

Օրակարգի հարցերի շրջանակում քննարկվել են Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերը:

Սերժ Սարգսյանը իր բացման խոսքում ասել է, որ ոչ ոք չի վիճարկում երկրում առկա բազմաթիվ դժվարությունները, սակայն նաեւ շեշտել էր, որ Հայաստանի տնտեսական զարգացման միտումներ խոստումնալից են եւ որ տնտեսությունում վերականգնվել է նախաճգնաժամային վիճակը: Սակայն, Սերժ Սարգսյանի խոսքով, դա չի նշանակում, որ իրենք «պետք է բավարարված լինեն կամ անգամ գոհ»:

«Մենք պետք է ոլորտ առ ոլորտ մեր տնտեսությունը վերափոխենք թե՛ ձեւի, թե՛ բովանդակության առումով: Աստիճանաբար կարկուտների հետեւանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգում սուբսիդավորելու փոխարեն հենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել, սկսել իրենց հետեւից ամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծեր՝ արագ եւ էժան ջերմոցներ հավաքելու համար, օրինակ, անհրաժեշտ սարքավորումների արտադրությունից մինչեւ, ասենք, արեւային մարտկոցների հավաքում: Եվ այդպես շարունակ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահն անդարձել է նաեւ Ադրբեջանին` մասնավորապես, այն հանգամանքին, որ «այդ երկրի իշխանությունները փոխանակ զբաղվեն սեփական պրոբլեմներով, լծվել են Հայաստանի դարդին դարման լինելու գործին»: Սերժ Սարգսյանն ասել է, որ 3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան:

«Փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում: Շարժվելով դասական բռնապետության կանոններով՝ այդ երկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ, գարշահոտ պատկերացումներ տարածելով մեր մասին: Մինչդեռ հենց Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական եւ տնտեսական ականներն են սպառնում պայթել եւ պայթել շատ արագ ու կարծես՝ միաժամանակ: Նավթի ու գազի արդյունահանման քրոնիկ անկման պայմաններում հարեւան պետության իշխանությունները շարունակում են կուտակած միջոցները այնպես ծախսել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները: Մյուս կողմից գալիս են անթաքույց բռնապետության կամ բռնապետական ռեժիմի հետեւանքները: Ընդդիմախոսների բանտարկելը, ազատ մամուլի գոյության մասին գրեթե տեղյակ չլինելը, հարկադրանքը, ահռելի կոռուպցիան կրկնակի ուժգնությամբ են հիշեցվելու այս երկրում նավթադոլարների նվազմանը զուգընթաց», - ասել է Հայաստանի նախագահը` հավելելով, որ եթե երկու տարի առաջ ադրբեջանցի երիտասարդները վախենում ու լռում էին, այսօր արդեն թեկուզ փոքր խմբերով, բայց արդեն քննարկում են, որ խոսք ասելու ժամանակը շուտով գալու է:

«Մենք պիտի շարունակենք մեր տնտեսության արդիականացումը եւ դիվերսիֆիկացումը մի քանի տարի հետո սպասվող տարածաշրջանային նոր վերադասավորումներում ավելի նպաստավոր պայմաններ ստանալու համար: Եվ մենք այդ ճանապարհին ենք, որտեղ վայրկյան անգամ կանգնել չի կարելի: Չի կարելի հապաղել», - ամփոփել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ Հանրապետության տոնի առթիվ Բաքվում հնչեցրած ուղերձում Իլհամ Ալիեւը ակնարկել էր, թե Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի գլխավոր նպատակը առաջիկայում ոչ այնքան բանակցությունների սեղանի շուրջ բեկում ապահովելն է, որքան Հայաստանի հետագա թուլացմանը հասնելը:

«Մենք պետք է շարունակենք Հայաստանին մեկուսացված պահել բոլոր միջազգային ծրագրերից: Մեր այդ ռազմավարությունն արդյունավետ է: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանը տարեկան լքում է 80-100 հազար մարդ, եւ այդ մարդիկ Հայաստանը լքում են ընդմիշտ` զրոյին հավասարեցնելով երկրի տնտեսության վերածննդի հեռանկարները», - նշել էր Ալիեւը` պնդելով նաեւ թե, ժողովրդագրություննն այսօր իր երկրի զինանոնցում առկա գլխավոր զենքերից մեկն է:

«Եթե Ադրբեջանի բնակչության աճի ներկայիս տեմպերը պահպանվեն, ապա 5-7 տարի հետո մեր երկրի բնակչությունը տասնապատիկ ավելին կլինի, քան Հայաստանինն է: Նման տարբերությունն ինքնին մեծ ուժ է», - հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG