Մատչելիության հղումներ

Ալիեւ. «7 տարի հետո Ադրբեջանի բնակչության թվաքանակը տասնապատիկ ավելին կլինի, քան Հայաստանինը»


Իլհամ Ալիեւը հոր` Հեյդար Ալիեւի ծննդյան 90-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ, Բաքու, 10-ը մայիսի, 2013թ.
Իլհամ Ալիեւը հոր` Հեյդար Ալիեւի ծննդյան 90-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ, Բաքու, 10-ը մայիսի, 2013թ.
Ադրբեջանի նախագահը կրկին խոսում է ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծման մասին: Հանրապետության օրվա առթիվ երեկ երեկոյան Բաքվում հնչեցրած ուղերձում Իլհամ Ալիեւը կրկին պնդում էր, որ ստատուս քվոն իր երկրի համար անընդունելի է, իսկ դրա հաղթահարման ելքերը` խիստ սահմանափակ:

«Ընտրությունն այնքան էլ մեծ չէ` կամ ռազմական ճանապարհ, կամ էլ խաղաղ կարգավորում: Ադրբեջանը երկու տարբերակներին էլ պատրաստ է», - հայտարարել է Ալիեւը` նախ խոսելով հակամարտության ռազմական լուծման մասին:

«Մենք երբեք չենք բացառել ռազմական ճանապարհը: Միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը ճանաչում են Ադրբեջանի` ինքնապաշտպանության դիմելու իրավունքը: Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ցանկացած տեսակի գործողություն իրականացնել այն տարածքներում, որոնք միջազգայնորեն ճանաչված են որպես Ադրբեջանի մաս», - ասել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը նաեւ նշում էր, որ Բաքվում դեռ հույս ունեն հարցը լուծել առանց ուժի կիրառման:

«Առայժմ մենք ցանկանում ենք այս հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Կարծում եմ, որ դրան տանող բոլոր ուղիները դեռ սպառված չեն: Մենք պետք է ավելի ակտիվացնենք մեր ջանքերը` հարցն արագորեն ու արդարացիորեն լուծելու համար», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը` ակնարկելով, թե Բաքվի գլխավոր նպատակն առաջիկայում ոչ այնքան բանակցությունների սեղանի շուրջ բեկում ապահովելն է, որքան Հայաստանի հետագա թուլացմանը հասնելը:

«Մենք պետք է շարունակենք Հայաստանին մեկուսացված պահել բոլոր միջազգային ծրագրերից: Մեր այդ ռազմավարությունն արդյունավետ է: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանը տարեկան լքում է 80-100 հազար մարդ, եւ այդ մարդիկ Հայաստանը լքում են ընդմիշտ` զրոյին հավասարեցնելով երկրի տնտեսության վերածննդի հեռանկարները», - նշել է Ալիեւը` պնդելով նաեւ թե, ժողովրդագրություննն այսօր իր երկրի զինանոնցում առկա գլխավոր զենքերից մեկն է:

«Եթե Ադրբեջանի բնակչության աճի ներկայիս տեմպերը պահպանվեն, ապա 5-7 տարի հետո մեր երկրի բնակչությունը տասնապատիկ ավելին կլինի, քան Հայաստանինն է: Նման տարբերությունն ինքնին մեծ ուժ է», - համոզված է Իլհամ Ալիեւը:

Խոսելով բանակցությունների սեղանի շուրջ ընթացող զարգացումների մասին` Ադրբեջանի նախագահը դրանց փաստացի սառեցման ողջ մեղքը կրկին բարդել է պաշտոնական Երեւանի վրա:

«2009-ին Ադրբեջանը ընդունեց ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան նորացված սկզբունքները: Մենք կարծում էինք, որ այդ սկզբունքները կարող են հիմք հանդիսանալ մեծ համաձայնագրի համար: Հայաստանը, սակայն, մերժեց այդ մոտեցումը», - դիմելով Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության մասնակիցներին` ասել է Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG