Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը առաջարկում է «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծել


«Նաիրիտ» քիմիական գործարանը
«Նաիրիտ» քիմիական գործարանը
ՀՅ Դաշնակցությունը Ազգային Ժողովի նախագահ, հանրապետական Հովիկ Աբրահամյանին հղած նամակում առաջարկում է ձեւավորել «Նաիրիտ» գործարանն ու դրա խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով:

Չնայած ներկայացված առաջարկին` Դաշնակցությունը մեծ ակնկալիքներ չունի խորհրդարանական մեծամասնությունից:

Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենց առաջարկի ընդունման հավանականությունը քիչ է, բայց եթե խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը խոհեմություն ունենա, ընդառաջ կգնա առաջարկին:

«Իսկապես այս թնջուկը լուծելու ցանկության դեպքում իրենք եւս պիտի շահագրգիռ լինեն ամբողջական բացահայտելու այս ամբողջ տարիների պատմությունը», - ասաց Վարդանյանը:

Դաշնակցությունը, հաշվի առնելով «Նաիրիտ» գործարանի շուրջ տեղի ունեցած եւ տեղի ունեցող իրադարձությունները, կարեւոր է համարում ձեւավորվելիք հանձնաժողովի միջոցով «Նաիրիտ»-ի անցյալի ու ներկայի ուսումնասիրումը, ինչը հնարավորություն կտա հստակեցնել ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի պատկերը եւ խոսել դրա ապագայի մասին:

Ազգային ժողովի նախագահին հղած նամակում Դաշնակցությունը պարզաբանում է իր առաջարկի անհրաժեշտությունը:

Կուսակցությունում կարծում են, որ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում «Նաիրիտ գործարան» ընկերության ունեցած զգալի դերակատարությամբ, ինչպես նաեւ ընկերության մասնավորեցման, գործարանի պարապուրդի, ստանձնած վարկային պարտավորությունների եւ այլ հարցերի վերաբերյալ մամուլում մեծ հնչեղություն ունեցող հրապարակումներն ուսումնասիրելու եւ ընկերության հետագա ճակատագրի հստակեցման անհրաժեշտությամբ:

Աղվան Վարդանյանն ասում է, որ եթե ստեղծվի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, ապա առնվազն պատասխաններ կտրվեն «Նաիրիտ»-ի շուրջ ծագած բազմաթիվ հարցերի, ինչից հետո արդեն գուցեեւ լուծում կտրվի տարիներ շարունակ ձգվող խնդրին:

«Պառլամենտի լիազորությունն է, այդ գործիքը եւս պիտի օգտագործել, առանց վերջնական գնահատականների հնարավորություն տալ հանձնաժողովին, որ ինքը ուսումնասիրի եւ ամբողջը ջրի երես հանի, հասկանանք», - ընդգծեց դաշնակցական պատգամավորը:

Դաշնակցությունը Ազգային ժողովի նախագահին ուղարկած նամակին կցել է ստեղծվելիք հանձնաժողովի մասին որոշման նախագիծը: Այնտեղ մանրամասն ներկայացվում է խնդիրն ու դրա լուծմանն ուղղված առաջարկներ են արվում: Մասնավորապես, ընդդիմադիր այս կուսակցությունն առաջարկում է հանձնաժողովում ներառել իշխող Հանրապետական կուսակցության խմբակցությունից` երկու, իսկ մնացած խմբակցություններից` մեկական ներկայացուցիչ: 7 հոգուց բաղկացած հանձնաժողովը, ուսումնասիրելով «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը, իրավունք կունենա նաեւ պաշտոնատար անձանցից պարզաբանումներ եւ տեղեկատվություն ստանալու նպատակով անհրաժեշտության դեպքում նրանց քննարկման հրավիրել:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում, վերադառնալուց հետո կանդրադառնա իրեն ուղղված առաջարկին, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը։

Խորհրդարանական ուժերից առայժմ միայն Հանրապետական եւ «Ժառանգություն» խմբակցություններն են արձագանքել ՀՅԴ առաջարկին։

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ կուսակցությունը կքննարկի այդ առաջարկությունը, բայց, Սահակյանի գնահատմամբ, հանձնաժողով ստեղծելով խնդիր չի լուծվի։

«Հանձնաժողովները որեւէ խնդիր, ըստ էության, չեն լուծում։ Պարզապես պատգամավորներին խոսելու առարկա են դառնում։ Դրա համար ես միշտ էլ ժամանակավոր հանձնաժողովներին դեմ եմ», - կարծիք հայտնեց Սահակյանը, հավելելով, որ «Նաիրիտի» խնդրի լուծումը տեսնում է լիազորված մարմնի միջոցով։

Մինչդեռ «Ժառանգություն» խմբակցությունում ողջունում են Դաշնակցության առաջարկը։

«Մեր բոլոր գործողություններով մենք աջակից ենք լինելու այդ նախաձեռնությանը», - մեզ հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը։

Երբեմնի իր արտադրությամբ հայտնի «Նաիրիտ» գործարանը պարապուրդի է մատնված, գործարանի աշխատողները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում կառավարության ու նախագահական նստավայրի առջեւ՝ պահանջելով վճարել իրենց ամիսներով կուտակված աշխատավարձերն ու վերագործարկել գործարանը:

«Հետք» պարբերականը, վերջերս անդրադառնալով «Նաիրիտ»-ի խնդրին, եզրահանգել էր, թե «Նաիրիտ»-ի կաուչուկի փողերը հոսել են հայ եւ ռուս պաշտոնյաների գրպանները»: Հայ պաշտոնյաների շարքում «Հետք»-ը մատնացույց էր արել նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:

«Նաիրիտ»-ի ղեկավարությունն այսօր հրաժարվեց պատասխանել այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցերին։ Ընկերության մամուլի քարտուղարը միայն տեղեկացրեց, որ գործարանը 2700 աշխատողներին պարտք է մնացել 8-9 ամսվա աշխատավարձ։
XS
SM
MD
LG