Մատչելիության հղումներ

Կառավարությունը վարկ կվերցնի «Նաիրիտ»-ի համար


Եվրասիական զարգացման բանկը, ինչպես երեկ հայտարարել է բանկի կառավարման խորհրդի նախագահ Օգոր Ֆինոգենովը, «Նաիրիտ» գործարանի արդիականացման համար ավելի քան 100 մլն դոլարի նախնական հայտ է ստացել:

Ֆինոգենովը նշել էր, որ մինչեւ հաստատումը անհրաժեշտ է հստակեցնել ծրագրի ծավալները:

Արդեն տեւական ժամանակ անորոշ է մնում «Նաիրիտ» գործարանի ճակատագիրը: Այժմ գործարանի աշխատակիցների որոշ մասը հարկադիր պարապուրդում է, աշխատում է գործարանի միայն մի փոքր հատվածը:

Ներկայումս գործարանի աշխատակիցները աշխատավարձը ստանում են անկանոն կերպով, եւ անցած ամիս գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա կազմակերպեցին նախագահական նստավայրի դիմաց, ինչից հետո միայն նրանց մեկ ամսվա աշխատավարձը վճարվեց:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը ասաց, որ ցույցից մի քանի օր անց աշխատակիցները ստացան մեկ ամսվա վարձատրությունը, ինչն էլ փոքր-ինչ մեղմացրեց դժգոհությունը:

«Վերջին անգամ աշխատավարձ տվել են նոյեմբերի 28-29-ին: Խոստում է եղել նաեւ, որ կվճարվի եւս մեկ աշխատավարձ դեկտեմբերի 15-20-ը ընկած հատվածում: Այս պահի դրությամբ կա աշխատավարձի 10 ամսվա պարտք», - հավելեց նա:

Անուշ Հարությունյանի խոսքով, հիմա «Նաիրիտ»-ի անձնակազմը սպասում է գործարանի կառավարման համար մի քանի ընկերությունների հետ տարվող բանակցությունների արդյունքին: Հիմնականում նշվում է ռուսական «ԻՏԵՌԱ» հոլդինգի անունը: Ընկերությունը վերջին անգամ գործարան աուդիտորներ է ուղարկել այս տարվա ամռանը: «ԻՏԵՌԱ» հոլդինգի մամլո խոսնակ Ալեքսանդր Գորյունովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «Նաիրիտ»-ի հարցը դեռեւս քննարկման փուլում է:

Ինչ վերաբերում է Եվրասիական զարգացման բանկի կողմից տրամադրվելիք վարկին, ապա այն նույնպես դեռեւս քննարկման փուլում է: Եվրասիական զարգացման բանկի մամլո խոսնակ Յուլիա Աստրաուխովան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց մասնագետները Հայաստանում վերջին անգամ հուլիսի վերջին են եղել: Բանկն արդեն պատրաստել է իր եզրակացությունը, եւ այն պետք է քննարկվի կառավարման խորհրդում:

Հայաստանի ֆինանսների նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ հայտը ուղարկվել է «ԵվրԱզէս»-ի հակաճգնաժամային հիմնադրամից նախնական 100 միլիոն դոլար ստանալու նպատակով: Նախարարության տվյալներով, հայտը այժմ քննարկման փուլում է: Քննարկվելու են նաեւ վարկի չափը, ուղղությունը եւ պայմանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG