Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի աշխատակիցները չեն ստացել իրենց 11 ամսվա աշխատավարձը


«Նաիրիտ»-ի աշխատակիցները չեն ստացել իրենց 11 ամսվա աշխատավարձը
please wait

No media source currently available

0:00 0:03:46 0:00
«Նաիրիտ» քիմիական գործարանի հարյուրավոր աշխատողներ իրենց 11 ամսվա աշխատավարձը վճարելու և գործարանը վերագործարկելու պահանջով երկուշաբթի օրը բողոքի ցույց էին կազմակերպել նախագահական նստավայրի առջեւ:

Մարդիկ բողոքում էին, որ չեն կարողանում հոգալ իրենց կենցաղային ծախսերը եւ առհասարակ օդից կախված վիճակում են:

«Ոչ մի տեղ չես կարող աշխատանքի ընդունվել, քանի որ աշխատում ես, պիտի ասեն, փաստաթուղթ բեր, իսկ դու գրանցված ես գործարանի վրա: Մեզ ասում են` սպասեք, սպասեք», - ասում էր գործարանի աշխատակիցներից մեկը:

«Մեր գործարանի ղեկավարությունը ստանում է այնպիսի փողեր, որ մի անգամ ստանան, իրենց ամբողջ տարին հերիք է: Բայց մենք ստանում ենք կոպեկներ», - ասում էր մեկ ուրիշը:

«Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանի` նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի ունեցած հանդիպումից հետո պարզ դարձավ, որ մինչեւ դեկտեմբերի 20-ը կվճարվի միայն «Նաիրիրտ»-ի աշխատողների 2 ամսվա աշխատավարձը, իսկ գործարանի հետագա ճակատագրի հետ կապված հարցն այդպես էլ չլուծվեց, ինչը մեծ վրդովմունք առաջացրեց հավաքների մոտ:

«Լրիվ խաբեություն է, երկու տարի առաջ էլ էինք հավաքվել ստեղ, ի՞նչ փոխվեց», - ասում էին նրանք:

Թադեւոսյանի փոխանցմամբ` ամբողջ պարտք կմարվի այն ժամանակ, երբ «Նաիրիրտ»-ը կունենա սեփականատեր:

«Մինչեւ պայմանագիր չլինի, չենք կարող ասել, բայց այս պահի դրությամբ բանակցությունները գնում են ռուսական «Իտեռա» կազմակերպության հետ», - ասաց արհմիության նախագահը:

Երկու շաբաթ առաջ «Ազատություն» ռադիոկայանը հարցում էր ուղարկել «Իտեռա» կազմակերպությանը, որտեղից էլ հայտնել էին, որ դեռ նորություն չունեն: Այնուամենայնիվ, Թադեւոսյանի խոսքով` եթե «Իտեռա»-ի հետ պայմանագիրը հաստատվի, հաջորդ տարի գործարանը կկարողանա արտադրանք տալ:

Մինչդեռ բողոքի ակցիային մասնակցողներն ասում էին, որ սրանք իրենց համար հերթական սին խոստումներն են, քանի որ տարիներ շարունակ նույն բանն են լսում:

Թեեւ գործարանը մոտ երեք տարի է ինչ արտադրանք չի տալիս, որոշ տեղամասերի աշխատակիցներ ստիպված են առանց վարձատրվելու աշխատել` գործարանի անվտանգությունն ապահովելու համար: Այդ տեղամասերից մեկի պետ Կամո Աթոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վրդովված ասում էր, որ ինքն այս ամենի մեջ միտում է տեսնում:

«Ո՞ւմ է պետք էդ տարածքը, «Նաիրիտ»-ը մեծ, լավ, չաղ տարածք է: Ո՞վ է տանում էս գործարանը սնանկացման: Աշխարհում հայտնի մեխանիզմ է գործարանը սնանկացման տանելը», - ասում էր Աթոյանը:

Աշխատողներից մի քանիսն էլ, միանալով զրույցին, հավաստեցին, որ գործարանը մաս-մաս վաճառում են:

«Ապամոնտաժում, վաճառում են, ո՞ւմ են տալիս, ո՞վ է տանում, ոչ մեկը չգիտի», - ասում էին նրանք:

Գործարանի արհմիության նախագահը չբացառեց այս լուրը, սակայն պարզաբանեց, թե գործարանից հանվում է միայն անպիտան ու հին ապրանքը:

«Այդ մետաղի ջարդոնի դիմաց որոշ կազմակերպություններ գումար են վճարել, մենք աշխատավարձ ենք ստացել: Հիմա, ըստ պայմանագրի, նրանք մետաղի ջարդոնը տանում են, դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Գործարանի սարքավորումներից ոչինչ չի հանվում, վաճառում են այնպիսի բաներ, որոնք գործարանին պետք չեն», - ասաց Թադեւոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG