Մատչելիության հղումներ

Մարգարյանի դեմ Կոնգրեսի հաղորդմանը «ընթացք կտրվի»


Գլխավոր դատախազությունն այսօր ստացել է Հայ ազգային կոնգրեսի հաղորդումը, որով ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է քրեական գործ հարուցել եւ պարզել` Երեւանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը միլիոնների հասնող իր ունեցվածքը արդյոք ձեռք չի՞ բերել կոռուպցիայի, «ատկատների» կամ «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու» միջոցով:

Գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հաղորդմանը «օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի»: Քրեական գործ հարուցելու, հարուցումը մերժելու կամ գործն ըստ ենթակայության ուղարկելու համար օրենքով տասնօրյա ժամկետ է սահմանված։

Հաշվի առնելով, որ Երեւանի ավագանու ընտրություններին մնացել է ընդամենը 5 օր, Կոնգրեսն, ի սկզբանե հայտարարել էր, որ ակնկալիքներ չունի, որ արագորեն քրեական գործ կհարուցվի, պարզապես անհրաժեշտ է համարել գնալ այս քայլին, որպեսզի ժողովրդին ներկայացվեն փաստերը:

Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը չհամաձայնեց իշխող կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ Տարոն Մարգարյանի դեմ այս քայլով Կոնգրեսը ընդամենը փորձեց ընտրությունների շեմին բարձրացնել սեփական վարկանիշը։

«Հանրապետականը մինչեւ նման հայտարարություն անելը թող հետեւեր մեր գործողություններին եւ կտեսներ, որ մենք միշտ այդ դիրքերից ենք հանդես եկել»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խաչատրյանը,- «Իրենց հիշեցում. երբ մենք երկխոսություն սկսեցինք, թվարկեցինք այն 88 պատգամավորների անունները, որոնք զբաղվում են գործարարությամբ, դա նախընտրական քարոզչության շրջանակներում չէր: Ուղղակի փաստ ենք ներկայացնում, որ արձանագրվել է, թող իրենք պատասխանեն, հերքեն»:

Եթե 2005-ին Տարոն Մարգարյանն ունեցել է 7 միլիոն դրամից մի փոքր ավելի կարողություն, ապա 2013-ին, ընդդիմության հաշվարկներով, նրա գումարներն ու գույքը գերազանցում են 6 միլիոն դոլարը:

Ընտրություններում Մարգարյանի մրցակիցներից` «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի համար եւս կասկածելի է այս պատկերը։

«Առնվազն երկու հարթության մեջ խնդիր կա. առաջինը` եթե շատ տաղանդավոր գործարար է մեր պաշտոնատար որեւէ անձ, ապա շատ ավելի ճիշտ կլինի երկրի համար, որ իրենք ոչ թե պաշտոն զբաղեցնեն, այլ բիզնեսով զբաղվեն: Եթե տաղանդավոր չեն ու այդպես հարստացել են, դա արդեն խոսում է կոռուպցիայի մասին»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարտիրոսյանը՝ «նորմալ» գնահատելով դատախազություն դիմելու ընդդիմադիր գործընկերների քայլը:

Ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը կտրականապես հրաժարվեց գնահատականներից, Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը խորհուրդ տվեց Տարոն Մարգարյանին վերաբերող հարցերը նրան ուղղել, իսկ կոալիցիոն Օրինաց Երկիր կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը հարցրեց՝ ինչո՞ւ Կոնգրեսը Երեւանի ավագանու նախորդ ընտրություններից հետո բոյկոտեց ու չվերցրեց իր մանդատները, ինչը հնարավորություն կտար տեղում բարձրաձայնել հարցերը։

«Ավագանու անդամներն ունեն բավական լուրջ լիազորություններ տեղական ինքնակառավարման ոլորտում, եւ կարող էին ցանկացած հարց գործունեության ընթացքում բարձրաձայնել։ Բավականին լայն լծակներ են նրանց տրված»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարգարյանը:

Ամենահարուստը՝ Տարոն Մարգարյանն է


Ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակները գլխավորող թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրերից պարզ է դառնում, որ իշխող Հանրապետականի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ամենահարուստն է: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Կոնգրեսին տրամադրված տվյալների` մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններից առաջ Տարոն Մարգարյանի հայտարարագրած գումարը կազմել է 115 միլիոն դրամ, 50 հազար դոլար եւ 50 հազար եվրո, իսկ ինչ վերաբերում է ընդդիմության հաշվարկներով 5-10 միլիոն դոլար գնահատվող գույքին, գործող քաղաքապետը հայտարարագրել է միանձնյա եւ ընդհանուր սեփականություն հանդիսացող 7 շենք ու շինություն, հողին ամրակցված 3 անշարժ գույք, հողամաս:

Երկար տարիներ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Օսկանյանը՝ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակի առաջին համարը, հայտարարագրել է 2 անշարժ գույք. ԱՄՆ-ում առանձնատուն եւ հողամաս Ծաղկաձորում: Ապրիլի 1-ի դրությամբ նրա հաշվեհամարին եղել է 150 հազար դոլար գումար: Որպես եկամտի աղբյուր Օսկանյանը նշել է պատգամավորի աշխատավարձը:

Հայ հեղափոխական դաշնակցության ցուցակի առաջատար Արմեն Ռուստամյանն ունի մեկ բնակարան Երեւանում։ Եկամտի աղբյուրը պատգամավորի աշխատավարձն է եւ բանկում ներդրած ավանդից ստացված տոկոսները: Ապրիլի 4-ի դրությամբ նրա հաշվին եղել է 15 միլիոն դրամ, 10 հազար դոլար եւ 2 հազար եվրո:

«Օրինաց երկրի» ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը հայտարարագրել է Երեւանում մեկ բնակարան եւ ավտոմեքենա: Ապրիլի 4-ի դրությամբ նա ունեցել է 34 միլիոն դրամ:

Իսկ «Առաքելություն» կուսակցության 28-ամյա ղեկավար Մեսրոպ Առաքելյանը Երեւանում ունի մեկ բնակելի տուն, մեկ հողամաս Կոտայքի մարզում։ Որպես եկամտի աղբյուր նշված է աշխատավարձն ու բանկում ներդրած ավանդից ստացած տոկոսը: Ապրիլի 5-ի դրությամբ, Առաքելյանն ունեցել է 48 հազար դոլար եւ 2 մլն դրամ:

Ամենահամեստ միջոցները ցույց են տվել Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն ու «Բարեւ Երեւան» դաշինքի առաջին համար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Խաչատրյանը հայտարարագրել է 1 բնակարան Երեւանում, 1 ավտոտնակ, 600 հազար դրամ եւ 1500 դոլար։

«Ի՞նչ ունեմ թաքցնելու։ Իմ շրջապատում բոլորն էլ գիտեն, կա՝ ինչ որ կա»,- ասաց նախկին քաղաքապետը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք հայտարարագրե՞լ է այն, ինչ ունի:

Երեւանում մեկ բնակարան, հողամաս ու 1996 թվականի արտադրության ավտոմեքենա էլ հայտարարագրել է Արմեն Մարտիրոսյանը, ում եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են բացառապես մանկավարժական գործունեությունից ու պատգամավորի աշխատավարձից, երբ պատգամավոր էր: Հայտարարագիրը ներկայացնելու օրը թեկնածուն որեւէ դրամական միջոց չի ունեցել:

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե պատգամավոր ու խմբակցության ղեկավար եղած ժամանակ մի՞թե չի կարողացել ունեցվածք ձեռք բերել, Մարտիրոսյանը հակադարձեց. – «Ես նույնիսկ իմ մեքենան չեմ կարողացել կապիտալ վերանորոգել: Բոլորի համար կարծես պարզ է, որ 240 հազար դրամ աշխատավարձով խոշոր ունեցվածք չես կարող կուտակել»:
XS
SM
MD
LG