Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը պահանջում է պարզել Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով քրեական գործ հարուցել, պարզել Երեւանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը եւ պատասխանատվության ենթարկել նրան:

Ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է բացահայտել, թե Մարգարյանը միլիոնների հասնող իր ունեցվածքը արդյոք ձեռք չի բերել կոռուպցիայի, «ատկատների» կամ «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու» միջոցով:

Հանցագործության մասին հաղորդման մեջ Կոնգրեսը վկայակոչել է պաշտոնական փաստաթղթեր` 2005-ին, 2007-ին եւ 2013-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված Տարոն Մարգարյանի գույքի եւ եկամուտներն հայտարարագրերը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, Մարգարյանի կարողություններն աճել են տասնյակ միլիոններով, ընդ որում, ըստ ընդդիմադիրների ուսումնասիրությունների, դա ոչ ժառանգության կարգով ստացած ունեցվածք է, ոչ ձեռնարկատիրական գործունեության, ոչ նվիրատվության:

«2005 թվականին Տարոն Մարգարյանը` որպես Ավանի վարչական շրջանի ղեկավար, ըստ իր իսկ կողմից հենց ներկայացրած հայտարարագրի, վերջին մեկ տարվա եկամուտը ներկայացրել է որպես ընդամենը 7 միլիոն 392 հազար 841 դրամ, որը կարծես թե տրամաբանական է: 2007 թվականին խորհրդարանական ընտրություններից առաջ վերջին մեկ տարում Տարոն Մարգարյանի եկամուտները կազմել էին 64 միլիոն դրամ եւ 50 հազար դոլար, բացի դրանից, նա ներկայացրել է, որ 80 միլիոն դրամի եկամուտ է ունեցել ոսկյա իրերի, թանկարժեք քարերի իրացումից եւ այլն: Այսինքն թաղապետ աշխատելու տարիներին Մարգարյանի ունեցվածքը միլիոններով աճել է, ընդ որում, որպես թաղապետ` Տարոն Մարգարյանի աշխատավարձը կազմել է 130 հազար դրամ: Ամբողջ իր ունեցվածքը հայտարարագրելիս Մարգարյանը նշել է նաեւ, որ ժառանգության կարգով ստացված գույք չունի, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ չունի, նվիրատվության եւ օգնության կարգով ստացված գույք չունի, ավելին, նա նաեւ նշել է, որ ոչ մի կողմնակի եկամուտ չունի», - ասաց Զուրաբյանը. - «Հիմա` 2013 թվականին Տարոն Մարգարյանը հայտարարագրել է մի ունեցվածք, որը ամենահամեստ գնահատականներով գնահատվել է մոտավորապես 6 միլիոն դոլար, բայց մեր գնահատականներով գերազանցում է 10 միլիոն դոլարը, եւ ահա պարզվում է նորից, որ որեւէ աղբյուր, որը կկարողանար հիմնավորեր նման ունեցվածքի առաջացումը այն տարիներին, երբ Տարոն Մարգարյանը աշխատել է որպես պաշտոնատար անձ, գոյություն չունի»:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Կոնգրեսին տրամադրված տվյալների` մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններից առաջ Տարոն Մարգարյանի հայտարարագրած գումարը կազմել է 115 միլիոն դրամ, 50 հազար դոլար եւ 50 հազար եվրո, իսկ ինչ վերաբերում է ընդդիմության հաշվարկներով 5-10 միլիոն դոլար գնահատվող գույքին, գործող քաղաքապետը հայտարարագրել է միանձնյա եւ ընդհանուր սեփականություն հանդիսացող 7 շենք ու շինություն, հողին ամրակցված 3 անշարժ գույք, հողամաս: Ունեցվածքի առաջացման աղբյուրների բացակայությունը հայտարարագրերում Կոնգրեսին հիմք են տալիս ենթադրելու, որ գործող քաղաքապետը իր ունեցվածքը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով` թաքցնելով գույքի ստացման աղբյուրը: Դատախազություն ուղարկված հաղորդման մեջ Կոնգրեսը վկայակոչել է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածը, այն է` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը»:

«Երբ մենք խոսում էինք այս փաստերի մասին, Հանրապետական կուսակցությունը մեզ խորհուրդ տվեց դիմել իրավապահ մարմիններին: Մենք միշտ կարեւորել ենք երկխոսությունը քաղաքական ուժերի հետ եւ որոշ դեպքերում նաեւ պատրաստ ենք դիմել իրենց խորհուրդներին: Սա հենց այդ դեպքերից մեկն է, մենք սիրով լսեցինք Հանրապետականի խորհուրդը, սիրով կատարում ենք», - հեգնեց Լեւոն Զուրաբյանը` հավելելով. - «Այլեւս ոչ ոք չի կարող ասել, որ մենք չունենք անհրաժեշտ ապացույցները: Փաստերը ներկայացված են, այս փաստերը կամ հիմնավոր ձեւով հերքեք, կամ ընդունեք, որ գործ ունեք հանցագործի հետ»:

Իշխող Հանրապետական կուսակցությունը, Տարոն Մարգարյանի գործունեությունը գնահատելով օրինական, ՀԱԿ-ի այս քայլը համարում է քարոզչական ակցիա:

«Սա, կարծում եմ, հերթական քայլն է, որպեսզի հալածյալի, ընդդիմադիրի, ավելի կոշտ դիրքերից խոսող քաղաքական թիմի կերպար ընդունեն, որպեսզի որոշակի ձայներ վերցնեն: Բայց ես կարծում եմ, որ դրա ժամանակներն էլ են անցել, պետք է մի փոքր ավելի խոհեմ լինենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց խորհրդարանի Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

«Ես գիտեմ հետեւյալը, որ իմ գործընկերները, առավել եւս` Տարոն Մարգարյանը ամեն ինչ կատարում է օրենքի սահմաններում: Եթե ինչ-որ մեկի մոտ կասկածի տեղիք է տալիս, ապա իրենք դիմել են դատախազություն, իրավապահ մարմիններին, թող նրանք էլ տան գնահատականը, այստեղ ավելացնելու բան չկա: Ուղղակի էսպիսի էժան քայլերով որոշակի դիվիդենտներ հավաքելը այդքան էլ ճիշտ չի: Առհասարակ կարծում եմ, որ մեր ընդդիմադիր զանգվածի մոտ ժամանակ առ ժամանակ հիշողության հետ կապված ինչ-որ խնդիրներ են լինում», - ամփոփեց Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG