Մատչելիության հղումներ

Սահակյանը մաղթում է, որ բոլորը քաղաքապետի պես հաջողակ լինեն բիզնեսում


«Բարեմաղթենք, որ բոլորը 60 կրպակ ունենան եւ Տարոն Մարգարյանի կրպակները հազարապատկվեն»
please wait

No media source currently available

0:00 0:19:13 0:00

«Բարեմաղթենք, որ բոլորը 60 կրպակ ունենան եւ Տարոն Մարգարյանի կրպակները հազարապատկվեն»

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի հասցեին հնչող քննադատություններին, մասնավորապես, նրա մոտ 6 միլիոն դոլարի հասնող ունեցվածքի առնչությամբ, վստահեցրեց, որ քաղաքապետը արդար ճանապարհով է ձեռք բերել այն:

Հանրապետականի ղեկավար անդամը շեշտեց այն փաստը, որ գործող քաղաքապետը չի թաքցրել իր եկամուտները, հայտարարագրել է դրանք, հետեւաբար Տարոն Մարգարյանի ունեցվածքը, նրա խոսքով, ապօրինի լինել չի կարող:

Հիշեցնենք, նախօրեին, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազին` պահանջելով քրեական գործ հարուցել եւ պարզել Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը եւ պատասխանատվության ենթարկել նրան:

Նկատենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչներ միշտ շեշտել են, որ քաղաքապետի լավագույն թեկնածուն հենց Տարոն Մարգարյանն է, ով հասարակ, ժուժկալ կյանքով ապրող ավանցի է: Մինչդեռ նրա եկամուտների հայտարարագրից պարզ դարձավ, որ գործող քաղաքապետը ունի 115 միլիոն դրամ, 50 հազար դոլար եւ 50 հազար եվրո, ինչպես նաեւ միանձնյա եւ ընդհանուր սեփականություն հանդիսացող 7 շենք ու շինություն, հողին ամրակցված 3 անշարժ գույք, հողամաս եւ այլն ունի:

«Ընդդիմությունը այսօր ասոցացվում է նախկին իշխանավորների հետ, որովհետեւ չկա մի ընդդիմադիր ճակատ, որտեղ չխմբավորվեն նախկին իշխանավորները: Մարդիկ մտածում են` եթե իշխանություն է, միշտ իրենց սցենարներով պիտի գնան, պիտի կարողանան հիշել, որ իրենց քաղաքական հայրերը մի քանի տարվա մեջ բնակչության ոսկեղենի վաճառքի առիթ հանդիսացան, փոշիացրեցին ամեն ինչ, եւ մտածում են, որ իշխանությունը հենց այդպիսին պետք է լինի: Որեւէ ապօրինի գործունեություն հնարավոր չէ կապել Տարոն Մարգարյանի հետ, որովհետեւ անբասիր անձնավորություն է, հոգով-սրտով հայ, դաստիարակությունը շատ բարձր է եղել ,եւ ամբողջ կենցաղը կապված է եղել հայ ազգի բնավորության եւ գաղափարախոսության հետ», - հակադարձեց Սահակյանը:

ՀՀԿ փոխնախագահը այսօր մաղթեց, որ յուրաքանչյուր ոք կարողանա նույնքան հաջող ձեռնարկատեր լինել, որքան Տարոն Մարգարյանը` միաժամանակ հավաստիացնելով, որ քաղաքապետն անձամբ, օրենքի տառին համապատասխան, բիզնեսով չի զբաղվում:

«Ոչինչ չի թաքցրել, ես ուզում եմ հավատացնել հայ հասարակությանը, որ մեր միտումը հենց այն է, որ ցանկացած ընտանիք կարողանա այնքան ձեռներեց լինել, որ օգտվելով օրենքներից, որոնք բավականին լայն դաշտ են ստեղծել, կարողանան քարը քարի վրա դնելով աշխատել 1000, 2000, 50 000 դոլար, հետո 50 000-ը վերածել այլ բիզնեսի եւ այդպես շարունակաբար առաջ ընթանա: Ընտանեկան բիզնես կա, ինքը բնականաբար, բիզնեսի կառավարիչ չի կարող լինել ժամանակի առումով: Ես փաստաբանը չեմ Տարոն Մարգարյանի, բայց հավատացնում եմ, որ սա այն երիտասարդն է…, եւ ընդհանարապես, նրանք, ովքեր քաղաքական մեր քուրայում են դաստիարակվել, բնավ ու բնավ չեն կարող… մարդիկ, իրենց հայելու մեջ տեսնելով, ուրիշին չպետք է վերագրեն: Ամեն ինչ արդարացի է: Հենց այն, որ հայտարարագրել է, որեւէ մեկը խորթ մի բան չէր հայտարարագրի», - ասաց նա:

Սահակյանը վստահեցնում է, որ արդար եղանակով հնարավոր է վաստակել այդ միլիոնները, եթե կարողանում ես ռիսկի դիմել:

«Մարգարյանը ամեն ինչ կարող է ունենալ, եւ եթե ուզում ենք մենք երկիր ունենալ, պիտի բարեմաղթենք, որ բոլորը 60 կրպակ ունենան, իսկ Տարոն Մարգարյանի կրպակները հազարապատկվեն, ինչը օրենքի շրջանակում է», - ասաց նա:

Անդրադառնալով ՀԱԿ-ի` դատախազություն դիմելու փաստին` Սահակյանը կարծիք հայտնեց, որ կուսակցությունը իրեն անհեթեթ դրության մեջ է դրել. - «Եթե 1996 թվականից հետո դատախազություն դիմեինք, այսօր Կոնգրեսը չէր լինի, որովհետեւ տաժանակիր աշխատանքի պիտի գնային»:

Ըստ ՀՀԿ փոխնախագահի` այս քայլով ընդդիմադիր կուսակցությունը նախապատրաստվել է իր այսօրվա հանրահավաքին:

«Պետք է փորձեն այսօրվա միտինգում իրենց զոհի կարգավիճակում ներկայացնել եւ այն տենդենցները, որ իրենք ունեն, վերագրեն Տարոն Մարգարյանին եւ Հանրապետականին», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG