Մատչելիության հղումներ

Օսկանյան. «Չեմ կարծում, որ Ծառուկյանը վախենա»


Հայաստանի նախկին արտգործնախարար, Երեւանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե Գագիկ Ծառուկյանը չի վախենում ընդդիմադիր դառնալու ու սնանկանալու հեռանկարից:

Ֆեյսբուքյան իր էջում Օսկանյանը երեկ կարծիք էր հայտնել, որ ԲՀԿ-ն խորհրդարանի աշնանային նստաշրջանի սկզբում պետք է փոխի քաղաքական կարգավիճակը եւ իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն:

Հիշեցմանը, թե Խաչատուր Սուքիասյանին ընդդիմադիր դառնալուց հետո, Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեւակերպմամբ` սնանկացրին, եւ հարցին, թե կարող է նույնը կատարվել նաեւ Գագիկ Ծառուկյանի դեպքում, Վարդան Օսկանյանն արձագանքեց. - «Եթե իրոք այդպես են արել այդ մարդուն, դա սխալ են արել: Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որ նման բան չկրկնվի: Եթե վախենանք, որ նաեւ կկրկնվի, դա արդեն պարտվողականություն է: Ընդհակառակը` պետք է դա դատապարտել, որ եղել է, եւ ասել, որ ամեն ինչ անելու ենք, որ թույլ չտանք նման բան լինի: Չեմ կարծում [որ Գագիկ Ծառուկյանը վախենա], ինչի՞ց պիտի վախենա: Դա մեր մտքից պետք է հանենք: Իշխանությունները այդպես կուզենային, որ մենք վախենայինք, բայց այսօր եթե դու գործում ես Սահմանադրության տված հնարավորությունների շրջանակում, երբ քաղաքական գործունեությունը պաշտպանված է Սահմանադրությամբ` այլախոհությունը, ընդդիմությունը, ինչի՞ց պետք է վախենանք»:

«Ընդհակառակը», - շարունակեց նա. - «իշխանությունները պետք է մտահոգվեն, վախենան, որ եթե իրենք չարաշահում են իրենց լծակները, եթե իշխանափոխություն եղավ, կարող են նրանք պատասխանատվության երթարկվել»:

Օսկանյանի պատկերացմամբ, քաղաքական հակակշիռներ ունենալու համար անհրաժեշտ է, որ ընդդիմությունն ուժեղ լինի, ունենա այլընտրանքային հստակ գաղափարական հենք, ծրագիր, անընդհատ ձգտի իշխանության, բայց միաժամանակ պատրաստ լինի հետապնդելու ազգային շահերը եւ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար երկխոսության մեջ մտնելու քաղաքական հակառակորդների հետ: Ուստի նա կարծում է, որ ԲՀԿ-ն առաջիկայում պետք է իրեն ընդդիմություն հռչակի:

«Ինչ այսօր «Բարգավաճ Հայաստան»-ը անում է, շատ մոտ է դասական ընդդիմության սահմանմանը: Իսկ որովհետեւ մենք մեզ համար խոչընդոտներ ենք դրել Ազգային ժողովում, որ կուսակցությունը պետք է հայտարարի` ինքը ընդդիմություն է թե չէ, դա բարդություններ է առաջացրել: Ահավասիկ այս հստակեցումները եթե մենք կարողացանք անել, ես կարծում եմ, իսկապես մեր քաղաքական դաշտում շատ բան կփոխվի»:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն միատարր չէ, որ եղան մարդիկ, ովքեր հաշվի չառան քաղաքական թիմի որոշումը եւ մասնակցեցին Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, եւ հարցին, թե արդյոք դա քննարկվել է, Վարդան Օսկանյանն արձագանքեց. - «Քաղաքական որոշում իրոք չի եղել կուսակցությունում, ազատ է թողնվել: Յուրաքանչյուրը գնալով կամ չգնալով միգուցե նաեւ ուզեցել է քաղաքական ինչ-որ դիրքորոշում դրսեւորած լինել: Բայց չմոռանանք, որ դա Ազգային ժողովի հերթական նիստ էր, եւ պատգամավորները` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից որոշները որոշել են գնալ: Այնպես որ, այդ տեսանկյունից դա պետք է դիտարկել եւ ոչ թե այն եզրակացության հանգել, որ կուսակցությունում ինչ-որ տարակարծություններ կան»:

Հարցին, թե արդյոք իր հայտարարությունը (ընդդիմություն դառնալու մասին) կուսակցությունում քննարկվել է, Օսկանյանն արձագանքեց. - «Այս թեման, բնականաբար, քննարկվել է, բայց որոշումներ չեն կայացվել: Եվ ես գիտեմ, որ կուսակցության մեջ տարբեր կարծիքներ կան, որը շատ բնական է: Այն, ինչ երեկ ես ասացի, բնականաբար, քննարկման առարկա կլինի: Վերջ ի վերջո կուսակցությունը մեծամասնությամբ կորոշի ինչ ուղղությամբ գնալ»:

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար անդամի համոզմամբ` քաղաքապետարանը կարող է հակակշռել կառավարությանը, քանի որ Երեւանի ավագանին եւ քաղաքապետը նաեւ «լուրջ տնտեսական լծակների են տիրապետում». - «Մենք ամեն ինչ պետք է անենք նույնիսկ քաղաքային հարթության վրա, ահավասիկ մայիսի 5-ի ընտրություններով փորձել գոնե նվազագույն հակակշիռ ստեղծել` վերցնելով քաղաքական իշխանությունը գործող կուսակցության ձեռքից եւ փորձել հակակշիռ լինել»:

Նա կարծում է, որ իշխանությունը մայրաքաղաքի ավագանու ընտրություններում օգտագործելու է վարչական ռեսուրսը, ուստի ոչ իշխանական ուժերը պետք է միմյանց հետ համագործակցեն. - «Այս ընտրությունները… առեւտրի է վերածվելու: Կարծեք թե, մահու-կենաց խնդիր է ամեն անգամ, ու բոլոր տեսակի միջոցների դիմում են իշխանությունը պահելու համար: Այնպես որ, այդ մարտահրավերը մեր առաջ կա, բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերի համար կա, եւ այնտեղ ընդհանուր շահեր կան: Մենք միասին կփորձենք նվազագույնի գոնե հասցնել ընտրական խախտումները: Իսկ հետընտրական շրջանում, կախված, թե ինչպիսի թվեր կունենա յուրաքանչյուրը, ես կարծում եմ, որ հնարավոր է համագործակցել, որ կարողանանք ոչ իշխանական կուսակցությունների ուժերով քաղաքապետ դնել: Կոալիցիա հնարավոր է` եթե որեւէ մեկը չկարողացավ 40 պլյուս մեկ ձայն հավաքել, որ օրենքը իրեն հնարավորություն է տալիս արդեն քաղաքապետ նշանակել»:

Անդրադառնալով մամուլում հայտնված հրապարակումներին, թե իր օգտին քվեարկելու համար ԲՀԿ-ն եւս «խրախուսումներ» է խոստանում` Վարդան Օսկանյանն ասաց. - «Հուսով եմ, որ այդպիսի բան չի արվում: Ես ինքս դեմ նման բաների: Մենք գոնե հստակ մեր առաջ խնդիր ենք դրել, որ մենք պայքարելու ենք դրանց դեմ: Երբ պայքարում ես, արդեն նույնը դու չես կարող անել: Այդպիսի խնդիր, չեմ կարծում, որ «Բարգավաճ Հայաստան»-ում առաջանա»:

Ինչ վերաբերում է «Նոր Հայաստանի համար» համաժողովրդական շարժում ստեղծելու` Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին, «Բարգավաճ Հայաստան»ը, Օսկանյանի փոխանցմամբ, դեռ չի քննարկել այդ հարցը: Իր անձնական կարծիքով` բողոքի դրսեւորման կրողը Րաֆֆի Հովհաննիսյանն է, եւ պետք է նրան չխանգարել այն դեպի հանգուցալուծում տանելու ճանապարհին:

Օսկանյանը նաեւ հերքեց մամուլի հրապարակումները, թե ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն բանակցում են նոր կոալիցիա կազմելու շուրջ: Նրա խոսքով, տարբեր առաջարկներ եղել են, նույնիսկ նախկիններից ավելին է առաջարկվել, բայց «վարչապետը նշանակվել է, եւ դրանից հետո նման քննարկում չէր կարող լինել»:
XS
SM
MD
LG