Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն «չի քաղաքականացնում» Երեւանի ավագանու ընտրությունները


Ազգային ժողովի փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայրաքաղաքի ավագանու ընտրություններում հակասություններ է կանխատեսում ներընդդիմադիր դաշտում:

Ընդդիմությունը, հիշեցնենք, ձգտում է գործել միասնաբար, ստեղծել միասնական վերահսկողական շտաբ:

«Փաստ է մի բան, որ որոշ քաղաքական ուժեր խնդիր ունեն ապացուցելու թե’ իշխանություններին, թե’ հասարակությանը, որ երկրորդը ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն է, այլ իրենք են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց իշխող կուսակցության խոսնակը:

«Որոշ քաղաքական ուժեր ուզում են լուսանցքից դուրս գալ», - այսպես է բնորոշում Հանրապետականի ղեկավար անդամը ոչ իշխանական ուժերի կողմից ՀՀԿ-ին ուղղված քննադատությունը` հավելելով. - «Որեւէ նորմալ, քաղաքակիրթ երկրում, եթե քաղաքական ուժերը չեն մասնակցում քաղաքական ընտրություններին եւ, չմասնակցելու դեպքում, նաեւ չեն կողմնորոշում իրենց էլեկտորատին, այդ քաղաքական ուժերը համարվում են լուսանցքում: Հիմա որոշ ուժեր փորձում են լուսանցքից վերադառնալ, բայց պետք է ասեմ, որ վերադարձը կլինի 2017-ի պառլամենտական նոր ընտրությունների ժամանակ եւ 2018-ի նախագահական»:

Նա շեշտեց, որ իշխանության համար մայիսի 5-ի ընտրությունները «միայն ու միայն համայքային են», եւ Հանրապետական կուսակցությունը, ի տարբերություն ոչ իշխանական քաղաքական ուժերի, չի քաղաքականացնում դրանք:

«Դու կարող ես լինել շատ լավ արտգործնախարար, շատ լավ քաղաքական գործիչ, շատ լավ հռետոր, բայց դու լինես ոչ պրոֆեսիոնալ այս ոլորտում: Մենք ընտրելու ենք Երեւանի համայնքի կառավարիչներ, մարդիկ, ովքեր չպետք է զբաղվեն քաղաքական դոկտրիններով, չպետք է զբաղվեն հայ-թուրքական հարաբերություններով, արտաքին քաղաքական դոկտրինի մշակմամբ, տնտեսական քաղաքականությամբ, կենսաթոշակների ու կրթաթոշակների բարձրացմամբ: Դա կառավարության եւ Ազգային ժողովի ֆունկցիան է: Սա` ի գիտություն նրանց, ովքեր մոռացել են», - առանց անուններ տալու` հայտարարեց Շարմազանովը:

Վերջին օրերին ընդդիմադիրները բարձրաձայնում են վարչական ռեսուրսի չարաշահման մասին, խոսում Տարոն Մարգարյանի ունեցվածքից կալվածքներից:

Ավագանու ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակում ընդգրկված Զոյա Թադեւոսյանը, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր. - «Չունենալով ժառանգական, սկզբնական կուտակված որեւէ հարստություն, այսօր կալվածատեր է եւ մեծ եկամուտներ ունի»:

ՀՀԿ-ի խոսնակը չցանկացավ անդրադառնալ այդ հայտարարություններին` ասելով միայն, որ եթե այդ հայտարարությունների հեղինակները փաստեր ունեն, կարող են դիմել իրավապահներին:

Շարմազանովի ձեւակերպմամբ` իրենք չեն ցանկանում գնալ «հավասարապես հարգելի» մրցակիցների վրա ցեխ շպրտելու ճանապարհով. - «Մենք գնում ենք բաց ճակատով»:

Դիտարկմանը, թե իրենց թեկնածուն օրերս կոպիտ արձագանք է հնչեցրել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին` ՀՀԿ-ի խոսնակն արձագանքեց. - «Ցեխ շպրտելը եւ արձագանքելը տարբեր բաներ են: Երբ քեզ հայհոյում ու տարբեր ածականներով են անվանում, դու պետք է արձագանքես: Ես կարծում եմ, որ մեր թեկնածուի արձագանքը եղել է կոշտ, բայց կոռեկտության սահմաններում է եղել»:

Նա հավաստիացրեց, որ Տարոն Մարգարյանին չեն արգելել շփվել լրագրողների հետ լրատվամիջոցների ենթադրությամբ` Լեւոն Տեր-Պետրոսյանին կոշտ պատասխան տալու պատճառով:

Առաջին նախագահի հայտարարությանն ի պատասխան, թե գործող քաղաքապետն ընդամենը գործող համակարգի խամաճիկն է, Տարոն Մարգարյանը նրան խորհուրդ էր տվել «նայել հայելու մեջ, հետո խոսել»:

«Որեւէ սահմանափակում չի եղել: Մեր մարտավարությունն է, որպեսզի Տարոն Մարգարյանը մեր թիմի հետ միասին հնարավորինս շատ շփվի իր ընտրողների հետ: Դա իր իրավունքն է: Եվ լրագրողներն էլ հնարավորություն ունեն նկարելու, լուսաբանելու, ժողովրդի հարցերը, բողոքները, քննադատությունը, շնորհակալական խոսքը առ Տարոն Մարգարյան: Ո՞վ էր նրանց սահմանափակում: Իսկ եթե ուզում են մամուլի ասուլիս լինի, մայիսի 5-ին բարով-խերով կընտրվի եւ վերընտրված քաղաքապետը բոլոր լրագրողներին կհրավիրի», - այս կապակցության ասաց Էդուարդ Շարմազանովը:
XS
SM
MD
LG