Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն շարունակում է քննադատել նախկին կոալիցիոն գործընկերոջը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի ընթացքում շարունակում է քննադատել նախկին կոալիցիոն գործընկերոջը:

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող իրեն այլընտրանքյաին ուժ համարող «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները մայրաքաղաքի ընտրողների հետ հանդիպումների ժամանակ շարունակում են հայտարարել, որ Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական են, այլ ոչ թե համայնքային, ինչպես ավելի վաղ հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցությունը:

ԲՀԿ-ի ընտրացուցակը գլխավորող Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հաշմանդամների հետ հանդիպման ժամանակ կրկին նշեց, որ հարկավոր է վերջ դնել քաղաքական մենաշնորհին` հակակշիռ ձեւավորելով կառավարման համակարգում: Այս պարագայում շատ խնդիրներ լուծում կստանան, կարծում են ԲՀԿ-ում:

Երեւանում գործող հաշմանդամների կազմակերպությունների ներկայացուցիչները Օսկանյանի, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի, պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները: Նրանք հայտարարեցին, որ իրենց անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, ինչի արդյունքում հնարավոր կլինի լուծել տարբեր խնդիրներ` քիչ հանդիպող, բայց անորակ թեքահարթակներ, անմատչելի տրանսպորտ, տեղաշարժի հնարավորության բացակայություն, ցածր թոշակ եւ այլն:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ անկախ Երեւանի կառավարումը ստանձնելուց, իրենք հետամուտ կլինեն այդ խնդիրների լուծմանը: Զոհրաբյանը մի օրինակ բերեց, երբ իրենք փորձել են մի օրինագիծ ներկայացնել, ըստ որի բիզնեսով զբաղվող հաշմանդամները կազատվեն հարկերից: Մինչդեռ այս առաջարկին կառավարությունը բացասական եզրակացություն է տվել` հայտարարելով, որ դա կոռուպցիոն վտանգ կստեղծի:

Մինչ հաշմանդմաների հետ հանդիպումը, Աջափնյակի Շիրազ փողոցի շենքերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս կուսակցության ներկայացուցիչները խնդրեցին ընտրել իրենց` խոստանալով բարեկարգել թաղամասը: Շիրազի անունը կրող փոքր այգին անբարեկարգ վիճակում է, բնակիչներն ասում են, որ սա էլ հազիվ են պահել օտարման վտանգից` մի քանի անգամ կանխելով այն վաճառելուց: Երեւանի այս հատվածը անբարեկարգ է` առանց կանաչ տարածքների, հարմարավետ բակերի ու խաղահրապարակների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG