Մատչելիության հղումներ

Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու միջադեպը կքննի ՀՔԾ-ն


«Ժառանգության» փոխնախագահը բերման է ենթարկվում, 9-ը ապրիլի, 2013, լուսանկարը` News.am-ի
«Ժառանգության» փոխնախագահը բերման է ենթարկվում, 9-ը ապրիլի, 2013, լուսանկարը` News.am-ի
Ապրիլի 9-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած երթի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ): Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արմեն Մարտիրոսյանը ապրիլի 9-ին հանցագործության մասին ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացրած իր գրավոր հաղորդման մեջ պահանջել էր քրեական պատասխանատվության ենթարկել Բաղրամյան պողոտայում իր նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, պարզել իրեն մարմնական վնասվածք հասցնելու պատճառները:

Մեկ շաբաթ հետաքննություն իրականացնելուց հետո ոստիկանությունը երեկ որոշել է նյութերն ուղարկել ՀՔԾ, եւ այժմ քրեական գործ հարուցելու, ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու որոշումը պետք է կայացնի այդ մարմինը:

Միջադեպը պատկերող տեսանյութերում հստակ երեւում է, թե ինչպես է մահակներով, վահաններով եւս աղավարտներով հանդերձավորված ոստիկանների խումբը Մարտիրոսյանին շրջապատում, հրում, քաշքշում, բռունցքներով ու ոտքերով հարվածներ հասցնում, այնուհետեւ երկու ոստիկաններ նրան արյունլվա դեմքով տանում, նստեցնում են ոստիկանական մեքենան ու բերման ենթարկում ոստիկանության բաժին: Բայց Արաբկիրի ոստիկանությունը հենց այդ գիշեր այս միջադեպի առիթով Արմեն Մարտիրոսյանի դեմ վարչական վարույթ հարուցեց ` նրան մեղադրելով «ոստիկանի օրինական պահանջներին չարամտորեն չենթարկվելու» մեջ:

Չընդունելով այս մեղադրանքները` ընդդիմադիր գործիչը անմիջապես գրավոր հաղորդմամբ պահանջեց քրեական պատասխանատվության ենթարկել իրեն ծեծած ոստիկաններին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ակտիվիստներին հաջողվեց բացահայտել նրանցից մեկի` Մարտիրոսյանին ամենաշատ հարվածներ հասցրածի անձը, ով ըստ նրանց` Մերձավանի 23-ամյա բնակիչ Արթուր Ղազարյանն է:

Ոստիկանությունը չի պարզաբանում, թե արդյոք հետաքննության արդյունքում ոստիկանների արարքներում քրեական պատասխանատվություն ենթադրող տարրեր, այնուհանդերձ, հայտնաբերվե՞լ են, որ գործի հետագա վարույթը հանձնվել է ՀՔԾ-ին:

Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կապ տեսավ գործին նման ընթացք տալու եւ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկության միջեւ, ով ապրիլի 9-ին համակարգում էր Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողությունները, եւ ում պաշտոնանկությունը տարբեր շրջանակներ կապում են հենց այդ օրվա բռնությունների հետ:
XS
SM
MD
LG