Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» դրական է գնահատում Նազարյանի պաշտոնանկությունը


Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը Բաղրամյան պողոտայում, 9-ը ապրիլի, 2013
Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը Բաղրամյան պողոտայում, 9-ը ապրիլի, 2013
«Ժառանգություն» կուսակցությունը որոշակի կապ է տեսնում Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկության եւ ապրիլի 9-ի իրադարձությունների միջեւ:

Կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծում էր, որ այդ օրվա զարգացումներում Ներսես Նազարյանը բավական բացասական ազդեցություն է ունեցել: Խուրշուդյանը, մասնավորապես, վկայակոչում է քաղաքացիական հագուստով անձանց բռնությունները ակտիվիստների նկատմամբ:

«Դա տեսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսվել է, եւ դա հերքում էր հենց տեղում պարոն Նազարյանը, բայց հենց իր թիկունքում է հայտնվում այն քաղաքացիական անձը, ով մի քանի րոպե առաջ քաղաքացիներին հրմշտում էր: Պարզվում է, որ նա [Նազարյանը] ուղղակի փորձում էր կոծկել: Դա նշանակում է, որ պարոն Նազարյանը կապ ունեցել է այդ մարդկանց հետ, նույն խումբն է եղել այնտեղ ոստիկանների եւ քաղաքացիական անձանց: Գոնե դա ակնհայտ ապօրինի գործողություն է: Դրական է, որ դա հետեւանքներ ունեցավ, եւ պարոն Նազարյանին ազատեցին զբաղեցրած պաշտոնից», - ասաց Խուրշուդյանը:

Միեւնույն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցությունը բավարար չի համարում ոստիկանության գործողությունները` հիշեցնելով, որ չեն պատժվել Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններն ու հրահանգ տվողները:

«Չգիտեմ` որքանով այս պաշտոնանկությունը նաեւ այս հանգամանքի հետ կապ ունի, բայց մենք առայժմ սպասում ենք, որ այն անձնավորությանը [ոստիկանին] եւս պատասխանատվության ենթարկեն: Համակարգը պետք է ամբողջությամբ փոխվի իր բոլոր պաշտոնյաներով. մեկ առանձին, այն էլ նման ցածր կարգի պաշտոնյայի պաշտոնանկությունը, դրական քայլ կարելի է համարել, բայց ոչ երբեք բավարար», - ասաց «Ժառանգության» խոսնակը:

Հիշեցնենք` Ներսես Նազարյանի եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջեւ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները առավել ակտիվացան հենց ապրիլի 9-ի իրադարձություններից հետո, երբ Գասպարյանն անձամբ եկավ Բաղրամյան փողոց իրավիճակը հարթելու: Մինչ այդ տեղում ոստիկանության գործողությունները համակարգում էր Ներսես Նազարյանը: Վլադիմիր Գասպարյանն անգամ տեսախցիկների առջեւ էր բավականին խիստ տոնով դիտողություններ անում Երեւանի ոստիկանապետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG