Մատչելիության հղումներ

Հովհաննիսյան. «Կգնահատենք ցանկացած քայլ դեպի ժողովուրդ»


Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Երեւանի Ազատության հրապարակում անձրեւի տակ մեկնարկած հանրահավաքում ժողովրդին կոչ արեց ապրիլի 9-ին մասնակցել «Նոր Հայաստանի հռչակման եւ երդմնակալության արարողությանը»։

«Ապրիլի 9-ին մենք ունենալու ենք ազգային միասնության տոն, եւ ոչ մեկը չի հարամելու մեր ազգային միասնությունը», – հայտարարեց ընդդիմադիր գործիչը, – «Վայ նրանց, ովքեր ապրիլի 9-ին սուտ երդում են ուտելու։ Չենք ներելու, չենք ներելու։ Սա արեւի, լույսի, հայերնիքի, խաղաղության բանակն է։ Անզեն։ Զինված են մեր իրավունքով։ Եվ որքան սպեցնազ բերեք, զենք բարձրացնեք, մենք գնում ենք մեր հայրենիքի համար՝ խաղաղ դեպի հաղթանակ»։

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում իր աջակիցների կողմից հայտարարված՝ «Նոր Հայաստանի հռչակման եւ երդմնակալության արարողությունից» հետո երթ է տեղի ունենալու։

«Միասին քայլելու ենք մեր հայրենիքի համար։ Գնալու ենք՝ վերադարձնելու ժողովրդի իշխանությունը», - ասաց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը։

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչով դիմեց նաեւ իրավապահներին՝ հորդորելով ապրիլի 9-ին չփորձել սահմանափակել ժողովրդի ազատ տեղաշարժը։

Ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ընդդիմադիր գործիչը նշեց, որ քանի որ այդ օրը «ազգային տոնախմբության» օր է, իրենք ապրիլի 9-ը հայտարարում են գործադուլ եւ դասադուլ ողջ հանրապետությունում։

Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին անգամ դիմեց նախագահ Սերժ Սարգսյանին. – «Եթե որեւէ մարդ ասելիք ունի, մինչեւ ամսի 9-ի իր պաշտոնակատարումը իրացնող պարոն Սարգսյանը, կամ Հայրապետը Վեհափառ, մենք կլսենք, կգնահատենք իրենց ցանկացած քայլ դեպի ժողովուրդ։ Կգնահատենք նաեւ այդ քայլի բացակայությունը»։
XS
SM
MD
LG