Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է մարզային հանդիպումները


Նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպում ունեցավ գյումրեցիների հետ։

Շիրակի մարզկենտրոնի Թատերական հրապարակում անցկացված հանրահավաքում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը մասնավորապես անդրադարձավ Պռոշյան գյուղի գյուղապետի մահվան դեպքին եւ իշխանություններից պահանջեց շատ արագ բացահայտել դեպքը։

«Այսօր հայ ժողովուրդը կորցրեց նվիրական ազատամարտիկ՝ Պռոշյան գյուղի գյուղապետ, հպարտ մարդ, քաղաքացի, դաշնակացական։ Սպանեցին իրեն օրը ցերեկով վախկոտները։ Մենք պահանջում ենք, որ գործող դե ֆակտո իշխանությունները ապրիլի 9-ին ընդառաջ բացահայտեն այս քստմնելի ահաբեկչությունը եւ հանկարծ չլինի, որ Սյունիքի, Գեղարքունիքի, այլ սադրանքների եւ բռնությունների, փետրվարի 18-ի համատարած ընտրախախտումների հետքերով սա տեռորի, վախի, սպառնալիքի հերթական դրսեւորումը [դառնա]», - ասաց Հովհաննիսյանը, - «Պահանջում ենք ողջ ճշմարտությունը, որովհետեւ մենք դուրս ենք եկել սեփական վախից եւ սպառնալիքից։ Իմ վրա եմ վերցնում դա։ Աստված չանի, որ սա կրկնվի այլեւս երբեք Հայաստան աշխարհում»։

Շարունակելով, ընդդիմադիր գործիչը հայտարարեց. - «Մեր շարժման, մեր բարեւի հեղափոխության ոչ թե մի քանի հազարը, այլ միլիոնավոր նվիրյալները երբեք ձեռք չեն բարձրացնելու հայ քաղաքացու, ոստիկանի, ուրիշ մեկի նկատմամբ։ Եթե լինի, դա լինելու է մյուս մայթից, վախի, սպառնալիքի, ժողովրդից թաքցնելով ողջ ճշմարտությունը, ով ով ռիսկ արեց ձեռք բարձրացնել, դա անելու է իմ նկատմամբ առաջին հերթին։ Չեմ մեջբերելու չարենց, բայց ասելու եմ, որ չհանդգնեն այս սահմանադրական, խաղաղ, հաղթական պայքարում հայ ժողովրդի դեմը կանգնել, ձեռք բարձրանել»։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ գյումրեցիներին, շիրակցիներին կոչ արեց ապրիլի 9-ին գալ եւ ներկա գտնվել իր ձեւակերպմամբ՝ Նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը. - «Մենք ապրում ենք մեր կյանքի ամենապատասխանատու մեկ շաբաթը։ Հիմիկվանից մինչեւ ապրիլի 9-ը ամենապատասխանատու շրջան է։ Կորցրել ենք երեխաներ, թոռներ։ Ավերակի մեջ ենք մեծացել դոմիկներով։ Վեր ենք հառնել Զատկվա սուրբ օրինակով։ Բայց հիմա հնչել է հայ ժողովրդի ճշմարտության պահը եւ ապրիլի 9-ին, ժամը 11-ից պարտավոր ենք միասին լինել ամբողջ ազգով»։
XS
SM
MD
LG