Մատչելիության հղումներ

Բոյկոտներ եւ անորոշություն` նախագահի երդմնակալությանն ընդառաջ


Սերժ Սարգսյանի առաջին երդմնակալությունը, 9-ը ապրիլի, 2008
Սերժ Սարգսյանի առաջին երդմնակալությունը, 9-ը ապրիլի, 2008
Նախագահի ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 9-ին հրավիրում է Ազատության հրապարակ` մասնակցելու «նոր Հայաստանի» երդմնակալության արարողությանը:

«Ես կլինեմ Ազատության հրապարակում, եւ հրավիրում եմ պարոն Սարգսյանին եւ ողջ ժողովրդին Ազատության հրապարակ», - այսօր Գյումրի կատարած այցելության ժամանակ, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, ասաց «Ժառանգության» առաջնորդը` հայտարարելով, որ ինքը չի մասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, անկախ նրանից ինքը կլինի հրավիրյալների ցուցակում, թե` ոչ:

Հաջորդ երեքշաբթի Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի Մարզահամերգային համալիրում, որի ընթացքում տեղի կունենա նախագահ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

Դեռեւս հայտնի չէ, թե որ ժամին կկայանա ընդդիմադիրների «նոր Հայաստանի» երդմնակալությունը. չի բացառվում, որ այն համընկնի Մարզահամերգային համալիրում կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության հետ:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Ազգային ժողովի նախագահի խոսնակ Գոհար Պողոսյանը, քանի որ սա խորհրդարանի նիստ է, հետեւաբար պատգամավորները հատուկ չեն հրավիրում, այդ նիստին նրանք պարտավոր են մասնակցել ճիշտ այնպես ինչպես, Ազգային ժողովի մյուս բոլոր նիստերին: Ինչ վերաբերում է հրավիրվածների ցուցակին, ապա Հովիկ Աբրահամյանի խոսնակն ասաց, որ առաջիկայում հայտնի կդառանա, թե ովքեր կհրավիրեն Սերժ Սարգսյանի երդմնակալությանը: Առայժմ պարզ չէ, թե արդյոք այդ ցուցակում կլինի փետրվարի 18-ի ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը չի մասնակցի նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, թե պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել որպես նախագահ եւ կեղծել է ժողովրդի քվեն:

«Սերժ Սարգսյանը, հերթական անգամ զավթելով ժողովրդի իշխանությունը, յուրացրել է այն` կատարելով Սահմանադրությամբ նախատեսված հանցագործություն», - հայտարարեց Մուսինյանը:

Առայժմ հայտնի չէ` Սարգսյանի երդմնակալության արարողությանը ներկա կլինի Հայաստանի երկրորդ նախագահը, թե` ոչ:

Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցություններից, բնականաբար, «Ժառանգության» պատգամավորները չեն մասնակցի համալիրում նախատեսված հատուկ նիստին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Սերժ Սարգսյանը ընտրված նախագահ չէ, եւ հետեւաբար նրա երդմնակալությունը դիտում են որպես կեղծ երդում:

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորները նույնպես կբոյկոտեն հատուկ նիստը: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի փոխանցմամբ` պատճառը շատ պարզ է` փետրվարի 18-ի ընտրությունները ամբողջությամբ կեղծվել են:

«Եվ այսօրվա նախագահը չի ստացել ժողովրդի քվեն: Բնականաբար, այդ պատճառով չենք մասնակցի», - ասաց Մանուկյանը:

Առայժմ պարզ չէ, թե արդյոք Սարգսյանի երդմնակալության արարողությանը կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Ինչպես փոխանցեց նրա խոսնակ Իվետա Տոնոյանը, Ծառուկյանը նոր է վերադարձել արտերկրից եւ այս պահին նրա անելիքների վերաբերյալ քննարկման հնարավորություն չի ունեցել: Ուշագրավ է, որ ԲՀԿ խմբակցությունն իր մասնակցության հարցն առ այսօր չի քննարկել:

Դեռեւս անորոշության մեջ է նաեւ ՀՅ Դաշնակցությունը: Պատասխանելով հարցին, թե ներկա կլինե՞ն Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. - «Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ շարժման մեջ ենք, բայց կոնկրետ որոշում այդ օրվա հետ կապված դեռեւս չենք կայացրել»:

Իսկ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը շատ կարճ արձագանքեց` օրը կգա, բարին հետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG