Մատչելիության հղումներ

Մհեր Սեդրակյանը «խախտել է էթիկայի նորմերը»


Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովն այսօր եզրակացրեց, որ պատգամավոր Մհեր Սեդրակյանը անցած տարվա դեկտեմբերին էթիկայի նորմերի խախտում է թույլ տվել լրագրող Մհեր Արշակյանի ու իր միջեւ տեղի ունեցած միջադեպի ժամանակ:

«Ա1+»-ի լրագրողի հարցեր տալու խնդրանքին ի պատասխան, հիշեցնենք` պատգամավորըը սպառնացել էր «պոկել ծնոտը»:

Տեղին է, թերեւս, հիշեցնել, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը Էրեբունի համայնքում ընտրողներին կոչ էր արել քվեարկել հենց Մհեր Սեդրակյանի օգտին:

Իշխող քաղաքական ուժի պատգամավորի վարքագիծը Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում քննարկելու հարցը, հիշեցնենք, բարձրացրել էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը:

Թեեւ Մհեր Արշակյանին այսօր հրավիրվել էին Ազգային ժողով, բայց դռնփակ քննարկումներին մասնակցելու հնարավորություն նա չունեցավ: Մինչդեռ պատգամավոր Սեդրակյանը չէր եկել` թեեւ նիստին մասնակցելու հրավեր ստացել էր:

«Ես չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել հանձնաժողովը` որոշելով, որ Մհեր Սեդրակյանը հակաէթիկական վարք է ցուցաբերել` իմ ծնոտը կոտրելու վճռականություն հայտնելով: Քանի որ Սեդրակյան Մհերը, նուրբ ասած, արհամարհած ունի հանձնաժողովը… Ես չգիտեմ, թե Ազգային ժողովն ինչ նկատի ունի էթիկա ասելով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց լրագրողը:

Մհեր Սեդրակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ տեղյակ է հանձնաժողովի որոշմանը:

«Ինքն էլ չպետք է աներ, ես էլ չպետք է անեի: Էթիկայի խախտում եղել է երկկողմանի», - ասաց պատգամավորը:

Հարցին, թե ինչու չի գնացել հանձնաժողովի նիստին` Մհեր Սեդրակյանը արձագանքեց. - «Եթե դրա կարիքը լիներ, կգնայի»:

Էթիկայի հանձնաժողովի նորընտիր նախագահ Դավիթ Հարությունյանն այսօրվա որոշումը կհրապարակի խորհրդարանի առաջիկա քառօրյայի ընթացքում:

Հանձնաժողովն իր նիստում քննարկել է նաեւ «Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումը եւ գտել է, որ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը (ԲՀԿ) չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ:

Ըստ համացանցում տարածված մի տեսանյութի, Մելքումյանը ներկայանում է իբրեւ տարածքների սեփականատեր եւ հեռախոսով բանակցում է դրանց վարձակալության պայմանների շուրջ:

Իսկ Հայաստանի սահմանադրությունը, հիշեցնենք, արգելում է համատեղել ձեռնարկատիրությունն ու պատգամավորական գործունեությունը:
XS
SM
MD
LG