Մատչելիության հղումներ

Մհեր Սեդրակյանը սպառնացել է պոկել լրագրողի ծնոտը


Կադր միջադեպի վերաբերյալ «Ա1+»-ի ռեպորտաժից։ Մհեր Սեդրակյանը (աջից) սպառնում է պոկել լրագրողի ծնոտը։
Կադր միջադեպի վերաբերյալ «Ա1+»-ի ռեպորտաժից։ Մհեր Սեդրակյանը (աջից) սպառնում է պոկել լրագրողի ծնոտը։

Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը չորեքշաբթի օրը Ազգային ժողովի միջանցքում սպառնացել է պոկել «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի ծնոտը, ով փորձել է պատգամավորից հարցազրույց վերցնել։

«Դավայ, դավայ․․․ յալլա․․․ կտամ ծնոտդ պոկեմ, դավայ թռի․․․», - ասել էր Սեդրակյանը։

Լրագրողի հարցին՝ «ինչի՞ համար», Հանրապետական պատգամավորը պատասխանել էր՝ «արդեն կապներդ կտրվելա»։

Մի խումբ լրագրողներ դիմել են Ազգային ժողովի նախագահին, որպեսզի նա կարգի հրավիրի իր կուսակցին։

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ հրապարակավ ներողություն էր խնդրել հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ, Սեդրակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե չի կիսում Շարմազանովի դիրքորոշումը։

Տեսանյութ․ Մհեր Սեդրակյանը սպառնում է պոկել լրագրողի ծնոտը

«Էդուարդ Շարմազանովը մեր խոսնակն ա։ Ինքը ինչ ա ասել, ինչի համար ա ասել՝ ես չգիտեմ, բայց ես ինքս ո՞նց ետ կանգնեմ, էն դեպքում, որ ինքն ա հրահրում, ինքն ա տանում դրան, ես ասեմ ինձ կներե՞ս», - պարզաբանեց պատգամավորը, - «Ընկեր ջան, ես խոսում եմ, ասում եմ, հըլը քաշի էտի։ Դրանից հետո նոր ես արդեն ինձանից դուրս եկա, մի փոքր կոպիտ խոսացի։ Սա ընդամենը իմ համար բարոյական խնդիրա»։

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե ընդամենը օրեր առաջ Հանրապետական կուսակցության ղեկավար, նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում ասել էր, որ քաղաքացին պիտի իրեն ապահով զգա եւ արդյոք այս միջադեպի արդյունքում ինքը կուսակցության ներսում խնդիրներ չի ունենա, Մհեր Սեդրակյանը արձագանքեց․ - «Ես չգիտեմ ինչ կլինի։ Նախագահն ա, մեր կուսակցության ղեկավարը, ինքը ոնց որոշի՝ տենց պըտի լինի ամեն դեպքում»։

Մեր ճշտող հարցին՝ եթե նախագահը որոշի, որ Սեդրակյանը պիտի ներողություն խնդրի, նա կանի՞ դա, հանրապետական պատգամավորը պատասխանեց․ - «Ես ներողություն չեմ խնդրի։ Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Իմ ինքնասիրությունը ամեն ինչից բարձր ա։ Էդ խոսափողը, որ դեմ են տալի, ես էնքան հեռու եմ պահում, որ հանկարծ․․․ այ ընկեր, էտի երեւի ձեր բերանն եք մտցնում, կամ հազար մարդու բերան եք մտցնում, հետո բերում ուզում եք կոխեք իմ բերանը․․․ ըտենց չի լինում, էլի․․․ մի քիչ լրատվությունն էլ չափ պետք ա ունենա»։

Հարցին, թե քանի որ խնդիրներ է տեսնում իր հրապարակային գործունեության ընթացքում, մասնավորապես խուսափում է լրագրողների հետ շփումից, հնարավո՞ր է հրաժարվի պատգամավորական մանդատից, Մհեր Սեդրակյանը պատասխանեց՝ «ոչ մի դեպքում»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած կազմակերպությունն արձանագրել է այս միջադեպը։

«Դա ուղղակի էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա պետք է լինի, որովհետեւ այդ միջադեպերը անհարիր են ոչ միայն պատգամավորին, այլ առհասարակ քաղաքակիրթ մարդուն։ Լրագրողը իր պարտականություններն է կատարել եւ անհիմն վիրավորվել», - նշեց Մելիքյանը։
XS
SM
MD
LG