Մատչելիության հղումներ

Ընտրություններ 2013․ Լայվ բլոգ

Հայաստանում նախագահական ընտրություններ են։

Հայաստանում այս պահին բացվում են բոլոր ընտրատեղամասերը եւ մեկնարկում են 2013 թվականի նախագահական ընտրությունները։
«Ազատություն» ռադիոկայանը ամբողջ օրվա ընթացքում անընդհատ թարմացվող տեղեկատվություն կներկայացնի ընտրությունների ընթացքի վերաբերյալ։

Ժամը 11։00-ից կմեկնարկեն նաեւ «Ազատություն» TV-ի հեռարձակումները։

Հետեւեք մեզ նաեւ Ֆեյսբուք, Թվիթեր սոցիալական ցանցերում։
Ընտրողների թիվը` 2 միլիոն 505 հազար 980 http://www.azatutyun.am/content/news/24904968.html
Հայաստանի նախագահական ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ երեկվա դրությամբ ստացվել էր 88 հաղորդում, տեղեկացնում է գլխավոր դատախազության աշխատանքային խումբը։
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ` աշխատանքի բերումով գտնվում է արտերկրում եւ, հետեւաբար, չի քվեարկի նախագահական ընտրություններում։
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանը առավոտ վաղ այցելել էր Երեւանի 3/07 ընտրատեղամաս եւ ասում է, որ առավոտյան ժամը 7-ից այստեղ մարդիկ կային կանգնած։

«Ժամը 8-ին, թանաքը եւ դրոշմակնիքը փորձարկելուց հետո, հանձնաժողովի նախագահը հայտարարեց ընտրությունները սկսված», - պատմում է մեր լրագրողը, - «Հենց առաջին րոպեներից մարդկանց հոսքը ընտրատեղամաս բավականին ակտիվ էր»։

Ընտրական հանձնաժողովի նախագահը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոստովանեց, որ ընտրողների նման ակտիվությունը իրենց համար անակնկալ էր։
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի 10/20 ընտրատեղամասում մեր այցելության պահին՝ տեղամասի բացումից մոտ մեկ ժամ անց, ընտրողների ակտիվություն առանձնապես չի նկատվում, մի քանի ընտրող են քվեարկել։

ԵԽԽՎ դիտորդը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այս պահի դրությամբ «ամեն ինչ կարծես թե նորմալ է»։

Սարգիս Հարությունյան
Գյումրիում տեղակայված 35/23 ընտրատեղամասում առավոտյան ժամը 7։30 հանձնաժողովը դեռ նիստ էր գումարում, փորձարկվել էր քվեարկողների անձնագրերում դրվելիք դրոշմակնիքի թանաքը, թանաքի փորձարկման նմուշը` բոլորի ստորագրությամբ, փակցված էր տեղամասում։

Այս ընտրատեղամասում ընտրողների թիվը ըստ ընտրացուցակի 831 է։

Պատին փակցված էր բոլոր թեկնածուների լուսանկարներով եւ կենսագրական տվյալներով մի պաստառ։

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` արդյոք դա օրենքի խախտում չէ՞, հանձնաժողովի նախագահը փոխանցեց, որ իրենք այդ ամենը ստացել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, նույնիսկ դիտորդներն են եկել, տեսել եւ իրենց գոհունակությունը հայտնել, որ հավասարություն է պահպանվել բոլոր թեկնածուների համար։

Ժամը 8-ին հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ տեղամասը բաց է, եւ հաջողություն մաղթեց` «անփորձանք ընտրություններ»։

Հինգ րոպե անց ընտրատեղամաս մտան առաջին ընտրողները։

Գյումրիում կա մոտ 126 հազար ընտրող, Շիրակի մարզում գործում են չորս ընտրատարածքներ։
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը տեւական ժամանակ է ինչ Արտաշատ քաղաքի թիվ 17/10 ընտրատեղամասում է, թեեւ վստահված անձ չէ։

Արտաշատի ինչպես թիվ 17/10, այնպես էլ թիվ 17/11 ընտրատեղամասերի մոտ հավաքված են սեւազգեստ ամրակազմ տղամարդիկ։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG