Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Այսօր հասարակությունը զերծ է քաղաքական նիհիլիզմից»


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ
«Հայաստանում առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի անցկացվեն հանրապետության նորագույն պատմության ամենաժողովրդավարական ընտրությունները», - հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` այսօր ընդունելով Հայաստան ժամանած մի խումբ օտարերկրացի լրագրողների:

Նրա խոսքերով` նախորդ ընտրությունների համեմատ քաղաքական բազմակարծությունն ու ազատ խոսքը լիովին ապահովված են:

Այսօր հասարակությունը զերծ է քաղաքական նիհիլիզմից եւ ընթանում է բնականոն քաղաքական պայքար, մրցակցություն քաղաքական թիմերի, գաղափարների միջեւ, բացակայում են սեւ PR-ի դրսեւորումները, ասել է Շարմազանովը։

«Մենք հույս ունենք, որ փետրվարի 18-ի ընտրությունները կլինեն ամենաբացը, ամենաժողովրդավարականը, քանի որ դրա համար ստեղծված են բոլոր պայմանները: Մենք գնում ենք ոչ թե քաղաքական հակամարտության, այլ քաղաքական երկխոսության ճանապարհով», - նշել է Ազգային ժողովի փոխնախագահը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին` Շարմազանովը նշել է, որ Հայաստանն ու Ղարաբաղը պաշտպանում են հիմնախնդրի լուծման խաղաղ, բանակցային ճանապարհը՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը հայտնի երեք սկզբունքներից ընդունում է միայն մեկը՝ անընդհատ խոսելով ռազմական ավանտյուրայի, ֆաշիզմի լեզվով: Նախագահի մակարդակով Ադրբեջանը հայտարարում է, որ «համաշխարհային հայությունն ադրբեջանական ժողովրդի գլխավոր թշնամին է»: «Նման հայտարարությունները հիշեցնում են նացիստական Գերմանիայի առաջնորդների կոչերը, որոնք ժամանակին հանգեցրել են համաշխարհային պատերազմի եւ ցեղասպանության», - ասել է Ազգային ժողովի փոխնախագահը՝ միջազգային հանրությանը կոչ անելով ավելի գործուն ու կոշտ դիրքորոշում որդեգրել այս դրսեւորման դեմ:

Խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է նաեւ Հայաստանի տնտեսական իրավիճակին, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը, հայ - թուրքական արձանագրությունների հետ կապված զարգացումներին, Հայաստան - Իրան փոխհարաբերություններին, Սիրիայի խնդրին, պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG