Մատչելիության հղումներ

Վրաստանի ղեկավարները շնորհավորել են վիրահայությանը


Վիրահայերը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կրոնական արարողության ժամանակ, արխիվ
Վիրահայերը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կրոնական արարողության ժամանակ, արխիվ
Հայ Առաքելական եկեղեցու կողմից հունվարի 6-ին նշվող Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ վիրահայությանը շնորհավորական ուղերձներ են հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եւ փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` նախագահ Սաակաշվիլին Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, գրել է. - «Բազմազանությունը այն անկյունաքարն է, որի վրա հիմնված է մեր պետության ուժը։ Երկրի վերածննդի եւ ժողովրդավարական զարգացման գործում հատուկ ավանդ են ներդնում Վրաստանում ապրող էթնիկ հայերը»։

Վարչապետ Իվանիշվիլին, իր հերթին, գրել է. - «Շատ դարերի ընթացքում մեր ժողովուրդների թե՛ ցավը, թե՛ ուրախությունը ընդհանուր է եղել։ Վրաստանի էթնիկ, մշակութային եւ կրոնական բազմազանությունը մեր երկրի ամենամեծ հարստությունն է, որի մասին պետք է հոգալ աչքի լույսի պես։ [...] Մեծ է մեր հայրենակից հայերի դերը վրացական պետության, մեր քաղաքների` հատկապես Թբիլիսի եւ Գորիի, վերածննդի, տնտեսական եւ մշակութային զարգացման մեջ։ Այդ դերը դեռ պետք է պատշաճ ձեւով ուսումնասիրել եւ գնահատել»։

«Ծննդյան սուրբ տոնի կապակցությամբ շնորհավորում եմ մեր հայ համաքաղաքացիներին` հատկապես նրանց, ովքեր ծառայում են Վրաստանի Զինված ուժերում։ Էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունները մեր երկրի հարստությունն են։ Վրաստանում ապրող հայերը իրենց հատուկ ավանդն են ներդնում Վրաստանի զարգացման մեջ», - Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Ալասանիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG