Մատչելիության հղումներ

«Բլիզկո»-ին եւ «Կոնտակտ»-ին մասնակցության թույլտվությունները` ուժը կորցրած


Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «Բլիզկո» եւ «Կոնտակտ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները։

Կենտրոնական բանկի կողմից պարզվել է, որ «Բլիզկո» համակարգի կողմից չեն պահպանվել ԿԲ-ի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետեւանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը վտանգելու մասին» ուղեցույցի 4.1 կետի «զ» ենթակետի պահանջները, ինչը կարող է վտանգել Հայաստանում ֆինանսական համակարգի կայունությունը, իրացվելիությունը կամ վճարունակությունը:

Կենտրոնական բանկը պարզել է նաեւ, որ «Կոնտակտ» համակարգի օպերատոր հանդիսացող ЗАО АКБ «Русславбанк»-ի կողմից անհիմն եւ առանց որեւէ պատճառաբանության, խախտելով հայաստանյան մի շարք առեւտրային բանկերի հետ կնքված պայմանագրերի դրույթները, չի ապահովվել Հայաստանի տարածքում գործող բանկերում իր համակարգից օգտվելու՝ բանկերի իրավունքը, ինչը կարող է վտանգել երկրում ֆինանսական համակարգի կայունությունը, իրացվելիությունը կամ վճարունակությունը` համաձայն վերոհիշյալ ուղեցույցի։ Միեւնույն ժամանակ, համակարգերի օպերատորի նման վարվելակերպը եւ ռազմավարությունը կարող է առիթ հանդիսանալ ցանկացած պահի, հաշվի չառնելով պայմանագրային դրույթները կամ առանց հիմնավոր պատճառաբանությունների դադարեցնելու վճարահաշվարկային համակարգից օգտվելու՝ հայաստանյան բանկերի իրավունքը, ասված է ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG