Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունել է Իրանի ԱԳ փոխնախարարին


Հայաստանը կարեւորում է փոխշահավետ համագործակցությունը Իրանի հետ, եւ կարելի է արձանագրել, որ հայ - իրանական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա։ Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` այսօր ընդունելով Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիին։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Արաղչին Նալբանդյանին է հանձնել Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի ուղերձն ու հավելել, որ տարին նշանավորվել է բարիդրացիական հարաբերությունների կայուն դինամիկայով, եւ իր այցը լավ հնարավորություն է` եւս մեկ անգամ ամփոփելու 2012 թվականին տեղի ունեցած զարգացումները եւ քննարկելու երկու երկրների օրակարգային հարցերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացմանը, հայ - իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։

Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների եւ երկխոսության միջոցով։

Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր, մտքեր փոխանակել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Արաղչին ընդգծել է, որ Իրանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG