Մատչելիության հղումներ

ՀԿԵ-ն ամփոփեց 2012-ի գործունեությունը


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենը այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի էր հրավիրել լրագրողներին:

Իր գործունեության 4 տարիների ընթացքում Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը ստանձնած «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ենթակառուցվածքների արդիականացման եւ շարժակազմի համար նախատեսված սարքավորումների գնման մասով առաջնահերթությունը տալիս է տեղական արտադրողին:

Ինչպես ասուլիսում հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ավարտվող տարվա ընթացքում հայաստանյան արտադրողներից գնումները կազմել են 20 տոկոս:

Նրա ներկայացմամբ` 2008-2012 թվականներին ներդրումային ծրագրերի ամբողջ ծավալը կկազմի մոտ 90 մլրդ դրամ, որից ավելի քան 50 միլիարդ դրամը նախատեսված է արդիականացման համար: Հաջորդ տարվա համար ընկերությունը նախատեսում է 16-17.5 միլիոն դոլարի ներդրում կատարել:

«Սակագնային քաղաքականությունը չի կարող լինել անփոփոխ», - հայտարարեց Ռեբեցը` շարունակելով. - «Մերձքաղաքային ուղեւորափոխադրումների պարագայում սակագները կփոխվեն համաձայն գոտիականության: Մեր առջեւ սակագները բարձրացնելու խնդիր չի դրված: Մեր խնդիրն է համապատասխանեցնել շուկայական միջավայրին, օպտիմալացնել ու պարզեցնել սակագնային համակարգը:

Հիշեցնենք, որ այս ամիս ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր միջազգային եւ տեղական բեռնափոխադրումների սակագների բարձրացման մասին:

Ինչ վերաբերում է միջազգային ուղեւորափոխադրումներին, ապա հաջորդ տարի նախատեսվում են մի շարք նորամուծություններ, օրինակ` ավելի ցածր սակագներ աշխատանքային օրերին:

Իսկ սակագների այսօրվա մակարդակը, նրա ձեւակերպմամբ` լիբերալ է ու մրցունակ, ինչի վկայությունն է համարում դեպի Վրաստան ուղեւորափոխադրումների 11 տոկոսանոց աճը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ, ըստ իրենց կատարած ուսումնասիրությունների, Վանաձոր - Ֆիոլետովո երկաթուղային հատվածի շինարարության համար կպահանջվի 250-500 մլն դոլար:

«Բիզնեսի տեսանկյունից դա այնքան էլ շահավետ ծրագիր չէ», - ասաց նա` հավելելով, որ շինարարությունը սկսելու մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ պարզվի, թե ում է ձեռնտու այդ երկաթուղին, կամ ինչ ձեւաչափով դրան կմասնակցի պետությունը:

Այս տարվա մայիսին Տրանսպորտի եւ կապի նախարարությունում ստորագրվեց հուշագիր «Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրության մասին»: Փաստաթուղթը ստորագրեցին Տրանսպորտի եւ կապի նախարարությունը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

Հարցին, թե ինչ փուլում է նախագծի իրականացումը, Վիկտոր Ռեբեցն արձագանքեց. - «Մենք այս պահին փորձագիտական բանակցությունների մեջ ենք Տրանսպորտի եւ կապի նախարարության ու «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարության հետ: Փորձում ենք գնահատել փոխադրումների կանխատեսելի ծավալը, փորձում ենք այդ նախագծում տեսնել տնտեսական եւ բիզնես շահը: Մեզ համար դեռեւս դժվար է ասել, թե որքանով է այդ նախագիծը տնտեսապես նպատակահարմար «Հարավկովկասյան երկաթուղու» համար` որպես ներդրողի, քանի որ հենց այս պարագայում մենք չենք տիրապետում այդ նախագծի իրականացման տեխնիկատնտեսական հիմնավորումներին: Երկու ամիս անց այդ բոլոր հարցերի պատասխանները կստացվեն»:

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը, ապա Ռեբեցի խոսքով` դա «շատ հեռանկարային նախագիծ է». - «Իմ տեղեկություններով, կառավարությունը արդեն իսկ հանձնարարել է մշակել այդ նախագծում ներդրումների հիմնավորումները, եւ շատ շուտով բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն»:

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն խոստանում է հաջորդ տարվա համար ոչ միայն ապահովել երկաթուղու անվտանգությունը, այլեւ ավելի որակյալ ու հարմարավետ պայմաններ ստեղծել ուղեւորների համար:
XS
SM
MD
LG