Մատչելիության հղումներ

Փորձագետները մեկնաբանում են երկաթուղային սակագների բարձրացումը


Տնտեսագետ Սամվել Ավագյանի համոզմամբ, սակագների բարձրացումը հատկապես ներքին բեռնափոխադրումների համար «միանշանակ բացասական հետեւանքներ կունենա»:

Հայաստանի երկաթուղային փոխադրումների ոլորտում մոնոպոլ դիրք ունեցող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը երեկ հայտարարեց, որ բարձրացնում է բեռնափոխադրումների սակագները:

Ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում, հիշեցնենք, նշված է, թե գալիք տարվա հունվարի 1-ից երկաթուղային բեռնափոխադրումները կթանկանան 3 տոկոսով:

«Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ տեղական արտադրության ապրանքների արտահանմանը նպաստելու համար ՀԿԵ-ն կիրառելու է բեռնափոխադրումների նվազեցման գործակիցները: Եվ հաշվի առնելով բոլոր փոփոխությունները՝ սակագների աճը 2013 թվականի առաջին եռամսյակում միջազգային հաղորդակցությունում կկազմի 1 տոկոս, իսկ տեղական հաղորդակցությունում՝ 10 տոկոս», - ասված է հաղորդագրությունում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ստեղծվել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կողմից, որը հանդիսանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր բաժնետոսմերի սեփականտերը: 2008 թվականի փետրվարին Հայաստանի կառավարության եւ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, «Հայկական երկաթուղի» ընկերությունը, որին պատկանում էր Հայաստանի երկաթուղային ողջ ցանցը, 30 տարով կոնցեսիոն կառավարաման հանձնվեց ռուսական կողմին` ի դեմս «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից այսօր չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ, թե որոնք են սակագնային փոփոխությունների պատճառները:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հանձնաժողովը իրավասու չէ որոշել երկաթուղային բեռնափոխադրումների գները, քանի որ այդ իրավունքը կոնցեսիոն պայմանագրով վերապահված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ եթե երկաթուղով միջազգային բեռնափոխադրումների սակագները իրոք աճեն ընդամենը 1 տոկոսով, ապա ինքը չի կարծում, թե դա էական ազդեցություն կունենա Հայաստանի արտահանման կամ ներմուծման վրա: Սակայն եթե միջազգային բեռնափոխադրումների սակագները աճեն 3 տոկոսով, եւ ընկերությունն էլ չկարողանա այն իջեցնել 1 տոկոսի, այդ պարագայում խնդիրներ կառաջանան, քանի որ 3 տոկոսանոց աճի դեպքում, Ղազարյանի խոսքով, ասենք, մինչեւ Մոսկվա մեկ վագոն բեռնափոխադրման գինը կբարձրանա մինչեւ 10 հազար դոլարով:

«Ես ուզում եմ հավատալ իրենց երկրորդ պարբերությանը, որտեղ գրում են, որ սակագների աճը 2013 թվականի առաջին եռամսյակում միջազգային հաղորդակցությունում կկազմի 1 տոկոս», - եզրափակեց Ղազարյանը:

Տնտեսագետ Սամվել Ավագյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե ամեն դեպքում չի կարծում, որ Հայաստանի երկաթուղային փոխադրումների ոլորտում մոնոպոլ դիրք ունեցող ընկերության նման որոշումը ոգեւորությամբ կընդունվի գործարար հանրության կողմից: Ավագյանն ուղղակի հիշեցրեց, որ Հայաստանում կամ դեպի Հայաստան ուղղված տրանսպորտային ծախսերը առանց այդ էլ ամենաբարձրերից են աշխարհում:

«Ներքին բեռնափոխադրումները մեր տնտեսության համար ավելի կարեւոր նշանակություն ունեն, ավելի մեծ ծավալներ ունեն, քան արտաքին բեռնափոխադրումները: Այս առումով ինքը միանշանակ բացասական հետեւանքներ կունենա», - ասաց տնտեսագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG