Մատչելիության հղումներ

Նախկին գործընկերը մեղադրում է սփյուռքահայ գործարարին


Հակադարձելով ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի մեղադրանքներին` հայաստանցի գործարար Վլադիսլավ Մանգասարյանը պնդում է, որ Խուդյանն ինքն է մի շարք մեքենայությունների դիմել եւ հիմա աղմուկ է բարձրացնում` փորձելով խուսափել պատասխանատվությունից:

Մանգասարյանի շահերի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց, թե սփյուռքահայ գործարարը վիճահարույց շենքի կառուցման համար ներդրել է մեկ միլիոն 600 հազար դոլար եւ արդեն իսկ ստացել է շուրջ 4 միլիոն դոլարի եկամուտ` 12 անձանց հետ կնքելով բնակարանների առուվաճառքի պայմանագրեր:

«Բոլոր պայմանագրերը անձամբ կնքվել են Էդմոնդ Խուդյանի կողմից: Գումարները ստացել է ինքը, բայց կնքել է մեկ այլ գումարով, փոխանցել է մեկ այլ գումար: Այսինքն` կնքել է ավելի մեծ գումարով եւ ավելի փոքր գումար է փոխանցել: Միայն եւ միայն այդ մախինացիայի արդյունքում այդքան գումար իրեն մնացել է», - հայտարարեց փաստաբանը:

Հիշեցնենք, Էդմոն Խուդյանը պնդում է, որ 13 հարկանի բազմաբնակարան շենքի սեփականատեր «Արին կապիտալ» ընկերությունը միտումնավոր սնանկացվել է համասեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի կողմից, որպեսզի շորթվեն իր գումարները: Մանգասարյանի փաստաբանը հակադարձում է, թե Խուդյանը հորինել է այս պատմությունը բնակարանատերերի մոտ արդարանալու համար. - «Նա փորձում է դրանով փակել այդ գնորդների բերանները, որպեսզի նրանք չսկսեն իր դեմ բողոքները»:

Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչները այս պնդումները «բլեֆ» են որակում:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, Խուդյանն իսկապես ստացել է գումարներ բնակարանների համար, սակայն ամբողջն ուղղել է Երեւանի կենտրոնում կառուցված շենքի շինարարությանը. - «Այդ բոլոր գումարները ներդրել է շենքի կառուցման մեջ, հակառակ դեպքում ի՞նչ փողի հաշվին է այդ շենքը կառուցվել»:

Էդմոնդ Խուրդյանն օրերս հայտարարեց, թե հույսը կորցնելով հայաստանյան դատարաններից մտադիր է դիմել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն: Խուդյանը նաեւ նամակով դիմել էր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանին` նրա աջակցությունը խնդրելով:

Պատասխանող կողմի գնահատմամբ` ամերիկահայ գործարարը շանտաժ է անում քաղաքական աղմուկի միջոցով. - «Եթե դուք նայեք իր գործողություններին` Էդմոնդ Խուդյանը հայտնվում է ընդհանրապես որեւէ կարեւոր իրադարձությունից առաջ, ենթադրենք` Ազգային ժողովի ընտրություններից, նախագահական ընտրություններից առաջ: Պարզապես նրա նպատակն է` քաղաքական ճնշումներ գործադրել, որպեսզի այն անձինք, ում ինքը քաղաքական տեսակետից վնաս է պատճառում հեղինակության տեսակետից, փորձեն իր հետ լեզու գտնել ու իր պահանջները կատարեն»:

Խուդյանը, հիշեցնենք, բաց տեքստով ասել է, թե իրեն խաբած գործարարների մեջքի հետեւում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ հենց այդ պատճառով են դատարանները անհարկի ձգձգում իր հայցերը:

Նրա փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարց հնչեցրեց` ուրիշ ի՞նչ ճանապարհով պայքարի գործարարը. - «Պատկերացրեք, մարդը իր բարեկամներից, ընկերներից փող է վերցրել եւ այդ գումարներով կառուցել է շենք, այնուհետեւ ինչ-որ մեկը եկել ու գողացել է այդ շենքը: Ի՞նչ անի այդ գործարարը»:

Ուշագրավ է, սակայն, որ Հայաստանում նույնիսկ չեն բացառում, որ այս պատմության ավարտին Խուդյանն ինքը հայտնվի ճաղերի հետեւում:

Վլադիսլավ Մանգասարյանի փաստաբանը, համենայնդեպս, այս սցենարը միանգամայն հիմնավոր ու իրատեսական է համարում. - «Ես վստահ հայտարարում եմ, որ ինքը առանձնապես խոշոր գումարներ ստացել է, որոնք չպետք է ստանար, հարկեր թաքցրել է, որոնք պարտավոր էր վճարել»:
XS
SM
MD
LG