Մատչելիության հղումներ

Ամերիկահայ գործարարը դիմելու է միջազգային ատյան


Ամերիկահայ գործարարի դատական գործը մինչեւ տարեվերջ կլինի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում:

Գործարարի փաստաբանները չեն կասկածում, որ Հայաստանի ներպետական դատական ատյաններում կայացված «մեծ քանակությամբ ապօրինի որոշումների» առկայության պարագայում Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվող բողոքն անմիջապես վարույթ կընդունվի:

Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, «Արին կապիտալ» ընկերության նախագահ Էդմոնդ Խուդյանը քանիցս լրատվամիջոցներով հայտարարել է, որ իրեն պատկանող ընկերությանը օրենքի բազմաթիվ խախտումներով եւ միտումնավոր սնանկության հասցնելու միջոցով պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս, իսկ Հայաստանում այս գործով ընթացող դատավարությունն անհարկի եւ միտումնավոր ձգձգվում է:


Գործի նախապատմությունը

Ըստ գործարարի փաստաբանների, Խուդյանի կողմից սփյուռքահայերից ներգրավված դրամական միջոցների հաշվին Երեւանում 2005 թվականին կառուցվել է 13-հարկանի բազմաբնակարան շենք: Շինարարության ավարտից հետո, սակայն, այն սփյուռքահայերը, ովքեր ֆինանսավորել էին շինարարությունը եւ շենքի սեփականատեր հանդիսացող «Արին կապիտալ» ընկերության հետ ունեին նախնական պայմանագրեր, չեն ստացել ո'չ բնակարանները, ո'չ ներդրած գումարները: Փոխարենը, «Արին կապիտալ» ընկերության համասեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանն ու տնօրեն Էդուարդ Եսայանը շենքի բնակարանները սկսել են վաճառել տարբեր մարդկանց, իսկ գումարները յուրացվել են:

Խուդյանի շահերի ներկայացուցիչների պնդմամբ, Մանգասարյանն ու Եսայանը միտումնավոր սնանկացնում են «Արին կապիտալ»-ը, որպեսզի սփյուռքահայերը դատարանի միջոցով չկարողանան ետ ստանալ իրենց դրամական միջոցները:

Փաստաբանները դիմել են բոլոր հնարավոր իրավասու մարմիններին` փորձելով ապացուցել, որ «Արին կապիտալ» ընկերությունը միտումնավոր է սնանկության հասցվել: Սակայն անցել են տարիներ, բայց գործի քննությունը դոփում է տեղում, քանի որ սփյուռքահայ ներդրողներից գումարներ յուրացրածների թիկունքին, ըստ փաստաբանների, կանգնած են իշխանության հովանավորությունը վայելող անձինք: Յուրացված միջոցները, ընդհանուր առմամբ, կազմել են ավելի քան 5 միլիոն դոլար:


Որոշել են փոխել մարտավարությունը

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Էդմոն Խուդյանը հայտնել էր, թե հայաստանյան դատարաններից հույսը կորցնելով, մտադիր է միջոցներ ձեռնարկել՝ դատական գործընթացը ամերիկյան դատարանում իրականացնելու համար:

Այսօր Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե որոշվել է փոխել մարտավարությունն ու դիմել ոչ թե ամերիկյան դատարան, այլ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն. - «Մարտավարության փոփոխություն եղավ` կապված այն հանգամանքի հետ, որ ամերիկյան դատարանների դատական ակտերը Հայաստանում կատարելու խնդիր կա իրավական տեսակետից: Համաշխարհային բանկի համակարգում գործող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի ակտերը Հայաստանում կատարելու խնդիրներ չի լինի»:

Նշենք, որ Էդմոն Խուդյանի գործով Հայաստանում ներկայումս դատական տարբեր հայցերով հարուցված լսումները դեռեւս շարունակվում են:

«Սակայն սա այն դեպքը չէ , երբ միջազգային ատյանին դիմելու համար հարկ է սպառել ներպետական բոլոր ատյանները», - պարզաբանեց Լեռնիկ Հովհաննիսյանը:

Փաստաբանի հավաստմամբ` Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը պատրաստ է վարույթ ընդունել գործեր, որոնց դեպքում խախտումներն ակնհայտ են, իսկ այս պարագայում խախտումները, ըստ նրա, առավել քան ակնհայտ են. - «Կոնկրետ այս գործով առկա է հովանավորչություն: Եվ դրա առկայության պայմաններում ե’ւ դատական համակարգում, ե’ւ հարուցված քրեական գործերով միանգամայն միակողմանի պրոցեսներ են ընթանում»:

Հայաստանը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի գործունեությունը կարգավորող կոնվենցիային միացել է 1992 թվականին: Ընդհանուր առմամբ, կոնվենցիային միացել են աշխարհի 47 երկրներ: Կենտրոնը կարող է քննել կոնվենցիան ստորագրած ցանկացած պետության դեմ անհատի կամ ընկերության ներկայացրած բողոքը, իսկ կայացված իրավարար վճիռները պարտադիր են կատարման համար։
XS
SM
MD
LG