Մատչելիության հղումներ

Սփյուռքահայ ներդրողների պաշտպանության հիմնադրամը մեղադրում է «բարձրաստիճան պաշտոնյաներին»


Նորաստեղծ Սփյուռքահայ ներդրողների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչները` փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը եւ Լեռնիկ Հովհաննիսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, թե Հայաստանում գործում է բարձրաստիճան պաշտոնյաների մի խումբ, որը, կողոպտում է օտարերկրյա, սփյուռքահայ ներդրողներին։

Փաստաբանները ընդգծեցին՝ իրենց ձեռքին են նման մի քանի գործեր, երբ օտարերկրյա ներդրողների իրավունքները Հայաստանում խախտվել են, այդ մարդիկ կրել են ֆինանսական լուրջ կորուստներ, իրենք դիմել են իրավապահ մարմիններին, սակայն ամիսներ, որոշ դեպքերում նաեւ տարիներ են անցել, բայց գործը տեղից չի շարժվում: Նրանք պնդեցին, որ Հայաստանի պատկան մարմինները, մասնավորապես, Գլխավոր դատախազությունը, Պետեկամուտների կոմիտեն, չնայած բազմաթիվ բողոքներին, պատշաճ քայլեր չեն ձեռնարկում մեղավորներին պատժելու համար, քանի որ պաշտոնյաների վերոհիշյալ խումբը բավականին ազդեցիկ է Հայաստանի պետական համակարգում եւ բացի այդ՝ նրանք ունեն էլ ավելի ազդեցիկ հովանավորներ:

«Մենք ունենք Սեփականության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն։ Ապրիլ ամսից ներկայացված է դիմում, ընդհուպ մինչեւ արտերկրից զանգել ինձ են սպառնացել, որպես փաստաբան իմ գործունեության հետ կապված։ Ես համապատասխան դիմում եմ ներկայացրել։ Առայսօր թղթերը դրված են մի կողմ։ Սա վերաբերում է «Սիգարոն» ՍՊԸ-ին», - ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը, - «Դա էլ օտարերկրյա ներդրումների վրա հիմնված ընկերություն է, եւ 2004 թվականին այդ ընկերությունը ծաղկում էր, 350 աշխատատեղ ուներ, 50 երկիր արտահանում էր կատարում, բայց տնտեսական հանցագործություն կատարող անձանց այդ նույն շղթայով այսօրվա դրությամբ այդ ընկերությունը փաստացի անվճարունակ է եւ արդեն ՊԵԿ-ը դիմել է սնանկության համար»։

Թե ովքեր են այդ բարձրաստիճան պաշտոնյաները, փաստաբանները անուններ չհրապարակեցին, սակայն նշեցին այլ օրինակներ։

«Մենք մասնակցում էինք «Դենո Գոլդ Մայնինգ» ընկերության [գործին], որտեղ կատարվել են մեծ յուրացումներ։ 1.5 միլիոն դոլարի հափշտակություն է տեղի ունեցել այնտեղ՝ խողովակներ են գողացել, հանել են՝ Պարսկաստան վաճառել են», - ասում է Նիկոլայ Բաղդասարյանը։

Ներկայացվեց նաեւ ամերիկահայ ներդրող Էդմոնդ Խուդյանի հայտնի գործը, ով սփյուռքահայերից ներգրավված դրամական միջոցների հաշվին Երեւանի Մաշտոցի պողոտա 33/1 հասցեում (Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի ետնամասում) 2005 թվականից կառուցել է 13 հարկանի բազմաբնակարան շենք, սակայն շինարարության ավարտից հետո ներդրողները չեն ստանում ո´չ իրենց հասանելիք բնակարանները, ո´չ էլ գումարը: Փոխարենը, ըստ փաստաբանների, բնակարանները ապօրինաբար վաճառում են ու գումարն էլ յուրացնում են հայաստանցի գործարարներ Վլադիսլավ Մանգասարյանը ու Էդիկ Եսայանը:

«Արին կապիտալ» ընկերությունն էլ, որը իրականացրել է շենքի շինարարությունը, փաստաբանների խոսքերով, Մանգասարյանն ու Եսայանը միտումնավոր սնանկացնում են, որպեսզի սփյուռքահայերը դատարանի միջոցով չկարողանան ետ վերադարձնել իրենց դրամական միջոցները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմում են 7 միլիոն ԱՄՆ դոլար:

«Կանխամտածված սնանկության փաստով քրեական գործ է հարուցվում, պետությանը պատճառված է ավելի քան 1.5 միլիոն դոլարի վնաս՝ միայն այդ գործով հարկեր չվճարելու կարգով, բայց դատախազությունը 1 տարի ընկերության տնօրենին նույնիսկ չի բարեհաճում հրավիրել ցուցմունք տալու», - ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը։

Պետեկամուտների կոմիտեից այսօր մեկնաբանություններ չհաջողվեց ստանալ:

Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «2007թ. ընդունված դատախազության մասին նոր օրենքի համաձայն, դատախազությունը նախաքննություն չի իրականացնում, այն քննչական մարմին չէ, եւ նշված քրեական գործերը քննվում են այլ քննչական մարմիններում: Իսկ եթե քննության ընթացքի վերաբերյալ կան դժգոհություններ, ապա օրենքով սահմանված կարգով` կարող են բողոքարկվել»:
XS
SM
MD
LG