Մատչելիության հղումներ

«Հալեպահայերը դեռեւս դիմանում են դժվարություններին»


Սիրիա – Իշխանական ուժերի եւ Սիրիական ազատ բանակի շփման գիծ, Հալեպ, 17-ը հոկտեմբերի, 2012թ․
Սիրիա – Իշխանական ուժերի եւ Սիրիական ազատ բանակի շփման գիծ, Հալեպ, 17-ը հոկտեմբերի, 2012թ․

Հալեպում հիրավիճակը վերջին շաբաթվա ընթացքում խիստ սրվել է. խաղաղ բնակչությունը կանգնած է սովի եւ ցրտահարվելու վտանգի առաջ։

Հայաշատ այս քաղաքում տնտեսական տագնապը օրըստօրե խորանում է, մինչդեռ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հանգանակության տասը տոկոսը, որ պետք է հատկացվի սիրիահայերին, նրանց կփոխանցվի միայն երկու ամիս հետո: Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ պատճառը տեխնիկական բնույթ ունի՝ նոյեմբերին կայացած հանգանակության ընթացքում խոստացված ողջ գումարը դեռ չի փոխանցվել հիմնադրամին:

«Հալեպի փողոցներում հացի երկար հերթեր են, հացի արտադրամասերը չեն հասցնում բավարարել բնակչության պահանջները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում իրավիճակը ներկայացրեց Ազգային առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը:

Նրա խոսքով, հացի սակավությունը երկու հիմնական պատճառ ունի` ալյուր եւ վառելանյութ չկա: Հացի հերթերում սպասողները չցրտահարվելու համար ստիպված են փողոցներում խարույկ վառել:

Վերջին օրերին Հալեպում էլեկտրականություն նույնպես չկա, ինչի հետեւանքով կաթվածահար է եղել հաղորդակցությունը եւ ենթակառուցվածքները: Սա իր հերթին շատ արտադրամասերի փակման պատճառ է դարձել:

Ափիկ Արծիվյանն, ով վերջերս է տեղափոխվել Երեւան, «Ազատություն» ռադիոկայանին պատմում է, որ քաղաքում երկար ժամանակ ջուր չկար:

«Մի քիչ առաջ ընկերոջս հետ խոսեցի, ասաց, որ նոր է ջուրը եկել, էլեկտրականություն մեկ շաբաթ է՝ չկա, ինտերնետ չկա․․․ մի խոսքով՝ մեկ շաբաթ մթության մեջ նստել է, բայց հիմա, փառք Տիրոջը, շտկված է ամեն ինչ», - ասում Արծիվյանը։

«Հալեպահայերը դեռեւս դիմանում են դժվարություններին, թեեւ տնտեսական տագնապը օրեցօր բարդանում է: Հալեպում դեռեւս կամք ու հույս կա», - ասում է Ռեիսյանը:

Նա նշում է, որ հայկական համայնքը, ամեն դեպքում, կմնա Սիրիայի եւ սիրիացի ժողովրդի կողքին։

«Ինչո՞ւ են փորձում մեզ որեւէ կողմ համարել։ Այսօր երկիրը ունի միջազգայնորեն ճանաչված նախագահ ու մենք չենք կարող հերքել նրա օրինականությունը», - ամփոփում է նա:

Սիրիայում ավելի քան մեկուկես տարի շարունակվող հակամարտության հետեւանքով զոհվել է ավելի քան 40 հազար մարդ, այդ թվում նաեւ ավելի քան 40 հայ:
XS
SM
MD
LG